Հայաստանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը

Edward-Nalbandyan1Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը. հուլիսի 14-ին այսպիսի հայտարարություն է արել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Երկար սպասված այս պայմանավորվածությունը կարևոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդման»- ասել է նա:

Նալբանդյանը հույս է հայտնել, որ սա «հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար»:

Հուլիսի 14-ին` ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Իրանն ու միջազգային միջնորդների Վեցյակի երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ռուսաստան) համաձայնության են հասել իրանական միջուկային ծրագրի շուրջ:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը համաձայնությունն անվանել է «պատմական»: Նա ասել է, որ գործարքն «անթերի չէ ոչ ոքի համար», սակայն այն «լավագույն ձեռքբերումն է, որին կարելի էր հասնել»:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով` այս համաձայնությունը «հույսի շող է ամբողջ աշխարհի համար»: «Սա որոշում է, որը կարող է նոր էջ բացել միջազգային հարաբերություններում»,- ասել է նա:

Համաձայնագրի տեքստն առայժմ չի հրապարակվել, սակայն միջազգային լրատվամիջոցներին որոշ մանրամասներ արդեն հայտնի են:

Այսպես, ըստ համաձայնության` Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին թույլ կտա մուտք ունենալ իր բոլոր, այդ թվում` ռազմական օբյեկտներ, սակայն տեսուչները չեն ունենա ցանկացած պահի և ցանկացած օբյեկտում հայտնվելու իրավունք; Իրանը համաձայնել է, որ պատժամիջոցները կարող են վերականգնվել 65 օրվա ընթացքում, եթե Թեհրանը խախտի համաձայնագիրը; զենքի մատակարարումների արգելքը պետք է վերացվի հինգ տարվա ընթացքում; նավթի և գազի վաճառքի, ֆինանսական գործարքների, ավիացիայի և նավագնացության ոլորտներում պատժամիջոցները կվերացվեն, և միլիարդավոր դոլարների իրանական ակտիվները կապասառեցվեն: