Ցավամոքիչ դեղերը Հայաստանում դժվար հասանելի են քաղցկեղով հիվանդներին. HRW

osi_1280x720Չստանալով ցավազրկող համարժեք դեղեր` ամեն տարի Հայաստանում սուր, սակայն ամոքելի ցավից տառապում են քաղցկեղի բարդ ձևերով ապրող հազարավոր հիվանդներ, փաստում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության` հուլիսի 14-ին հրապարակած զեկույցը և տեսահոլովակը: Թեպետ արդյունավետ, ապահով և ոչ թանկարժեք ցավազրկող դեղերը Հայաստանում առկա են, հիվանդների և նրանց ընտանիքի անդամների մեծ մասն անհաղթահարելի բյուրոկրատական խոչընդոտների են հանդիպում դրանք ձեռք բերելու գործընթացում, որի հետևանքով խախտվում է նրանց առողջության իրավունքը, նշում է Human Rights Watch-ը:

Զեկույցը, որի անգլերեն տարբերակը 86 էջ է, վերնագրված է «Ինձ մնում է միայն արտասվել. քաղցկեղը և պալիատիվ խնամքի համար իրականացվող պայքարը Հայաստանում»: Զեկույցում նկարագրված է պալիատիվ խնամքի բացակայության աղետալի ազդեցությունը քաղցկեղի բարդ ձևերով հիվանդների և նրանց ընտանիքի անդամների վրա: Արձանագրված է պալիատիվ խնամքի ծառայությունների ընդհանուր բացակայությունը Հայաստանում, ինչպես նաև` ցավազրկող ուժեղ ազդեցության դեղերի հասանելիության` կառավարության կողմից չափազանց խիստ կարգավորումը: Նկարագրված է առողջապահական ոլորտի մասնագետների շրջանում արմատացած այն գործելակերպը, որն արգելակում է ցավի համարժեք ամոքումը, ինչպես նաև՝ պալիատիվ խնամքի առողջապահական մասնագետների կրթության և վերապատրաստման անբավարարությունը:

«Քաղցկեղի վերջին փուլերում գտնվող հիվանդները Հայաստանում ապրում են ցավի, վախի և տառապանքի մեջ` հաճախ չստանալով կամ գրեթե չստանալով մասնագիտական օժանդակություն,- նշում է Հարավային Կովկասում Human Rights Watch-ի հետազոտող, զեկույցի հեղինակ Գիորգի Գոգիան: – Առողջապահական համակարգը լքում է նրանց կյանքի առավել խոցելի ժամանակաշրջանում: Հայաստանին անհրաժեշտ է բարելավել առողջապահական քաղաքականությունը և կանոնակարգումը, որպեսզի ապահով և արդյունավետ ցավազրկող դեղերը հասանելի դառնան նրանց, ում դրանք պետք են»:

Զեկույցի հիմքում ընկած են Երևանում և Հայաստանի ութ այլ քաղաքներում հիվանդների, նրանց ընտանիքի անդամների, առողջապահական ոլորտի մասնագետների, պետական պաշտոնյաների և հիվանդների իրավունքների պաշտպանության խմբերի և այլ հասարակական կազմակերպությունների հետ իրականացված ավելի քան 90 խորացված հարցազրույցները:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում քաղցկեղի հետևանքով տարեկան մահանում է մոտ 8 հազ. մարդ, ընդ որում՝ նրանցից շատերը մահանում են սոսկալի ցավի զգացողությամբ: Մորֆինը, որը ծանր ցավի ամոքման հիմնական դեղն է, թանկ չարժե և հեշտ է ընդունել, սակայն այն առավելապես անհասանելի է Հայաստանում դրա կարիքն ունեցող անձանց: 2010-2012 թթ. Հայաստանում տարեկան սպառվել է միջինը մոտ 1.1 կգ մորֆին, որը բավարար կլիներ հաշվարկների համաձայն դրա կարիքն ունեցողների ընդամենը մոտ 3 տոկոսի համար: Այլ ծառայությունները, որոնք օգնում են մարդկանց՝ մեղմելու ցավը և կյանքի վերջին շրջանում կրած տառապանքը, նույնպես հիմնականում առկա չեն Հայաստանում, նշում է Human Rights Watch-ը:

Կազմակերպությունը պարզել է, որ ցավի արդյունավետ բուժման ճանապարհին Հայաստանում առկա են հետևյալ խոչընդոտները` հաբերի տեսքով մորֆինի բացակայությունը, օրենսդրական սահմանափակումները, անբավարար դեղաչափերը, դեղերի նշանակման բարդ ընթացակարգերը, խիստ վերահսկողությունը ոստիկանության կողմից:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի կառավարությունն ի գիտություն է ընդունել պալիատիվ խնամքի անհրաժեշտությունը և որոշ կարևոր քայլեր է ձեռնարկել վերջին տարիներին այն ներդնելու ուղղությամբ: Մասնավորապես, պալիատիվ խնամքը ներառվել է կառավարության կողմից ճանաչված առողջապահական ծառայությունների ցանկում: Ստեղծվել է պալիատիվ խնամքի աշխատանքային խումբ, և քաղաքացիական հասարակության կառույցների և փորձագետների հետ սերտ համագործակցության պայմաններում մշակվել է պալիատիվ խնամքի ներդրման ազգային ռազմավարությունը: 2011-2013 թթ. իշխանություններն իրականացրել են պալիատիվ խնամքի չորս փորձնական ծրագիր:

«Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է որոշ կարևոր նախապատրաստական քայլեր, սակայն այժմ անհրաժեշտ է խոսքը վերածել գործի»,- ասում է Գոգիան: Նրա խոսքով` որպես առաջին քայլ` Հայաստանի կառավարությունը պետք է բարեփոխի դեղերի խիստ սահմանափակող կարգավորումները և ներդնի հաբերի տեսքով մորֆինը, որը թույլ կտա մեղմել հազարավոր հիվանդների տառապանքը:

Մեկնաբանել