ԼՂՀ ՊՆ-ն հակադարձում է Ադրբեջանի պաշտպանության նախարարին

Nkr-milԼեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հուլիսի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ` հակադարձելով Ադրբեջանի պաշտպանության նախարարին, որը հայկական կողմին մեղադրել էր խաղաղ բնակավայրերի գնդակոծման մեջ և հայտարարել էր, թե այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար, կենթարկվեն խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծման:

«Հավատարիմ մնալով իր ապակառուցողական դիրքորոշմանը և շարունակելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները` ադրբեջանական կողմը այսօր հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում: Դրանում համոզվելու համար ղարաբաղյան կողմը իր պատրաստակամությունն է հայտնում միջազգային դիտորդների մասնկացությամբ տեղում անցկացնել դիտարկում և պարզել իրական ճշմարտությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի` հայկական բնակավայրերի և ռազմական օբյեկտների վրա խոշոր զինատեսակներից կրակ բացելու մասին հայտարարությանը, ապա Արցախի զինված ուժերի հրամանատարությունը հավաստիացնում է, որ նման զարգացումների դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և անդառնալի կորուստներով հղի:

Միաժամանակ ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»- ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Մեկնաբանել