Գյանջայի վերաքննիչ դատարանը մերժել է գերեվարված հայի բողոքը

TH_RepatriationԳյանջայի վերաքննիչ դատարանը հուլիսի 15-ին մերժել է 2014թ. դեկտեմբերին գերեվարված Արսեն Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը` անփոփոխ թողնելով Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի մայիսի 5-ի վճիռը, որով Բաղդասարյանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, դատական գործընթացն անցել է փակ ռեժիմով` դատավոր Թեյուբ Մուխտարովի նախագահությամբ:

Վերջինիս խոսքով` դատապարտյալը վերաքննիչ բողոքում նշել էր, որ առաջին ատյանի դատարանի վճռում բավականաչափ հաշվի չեն առնվել իր պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, և խնդրել էր մեղմացնել պատիժը: Վերաքննիչ դատարանը սահմանել է, որ առաջին ատյանի դատարանում Բաղդասարյանին վերաբերվել են բավական մարդասիրաբար և նրա համար նշանակել են առավելագույնս մեղմ պատիժ, հաղորդում է ադրբեջանական գործակալությունը:

***

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերին տեղեկատվություն էր տարածել, թե Լեռնային Ղարաբաղի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, որի հետևանքով «դիվերսանտ Բաղդասարյանը գերի է ընկել»: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: «Ինչ վերաբերում է Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ապա ՊԲ-ն իրազեկում է, որ տվյալ անձը, հանդիսանալով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից»,- ասված էր ՊԲ հաղորդագրությունում:

2015թ. մարտի 10-ին Բաղդասարյանին ներկայացվել էր հանցավոր խմբավորման անդամ լինելու, մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից սպանության փորձի, երկու կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի, ազգային, կրոնական կամ ռասայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանության, Ադրբեջանին տնտեսական վնաս պատճառելու մեղադրանք:

Դատախազը նրա համար 18 տարի ազատազրկում էր պահանջել: