Հայաստան-Իրան. փաստեր և թվեր

ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանի հանդիպումը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Թեհրանում, օգոստոս, 2013թ.: ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանի հանդիպումը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Թեհրանում, օգոստոս, 2013թ.:

Իրանը Հայաստանի համար կենսական պետություններից է: Իսլամական Հանրապետության կարևորությունը Հայաստանը հատկապես զգաց անկախության առաջին տարիներին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվել էր, Հայաստանը արտաքին կապեր չուներ, իսկ Ադրբեջանը՝ դե յուրե, Թուրքիան՝ դե ֆակտո, փակ էին պահում Հայաստանի հետ սահմանները: Թեև ասվում է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակեց 1993թ. գարնանը, իրականությունն այն է, որ դրան նախորդող երկու տարիներին Թուրքիայից Հայաստան ապրանքաշրջանառություն չի եղել (բացառությամբ շուրջ 58 հազար տոննա ցորենի, որը փրկություն էր բառի ուղղակի և անուղղակի իմաստով), երկու երկրների և երրորդ պետությունների քաղաքացիները հատուկենտ դեպքերում են հատուկ թույլտվությամբ կարողացել հատել սահմանը, քանի որ Ալիջան-Մարգարա և Դողուքափը-Ախուրիկ սահմանադռներին չկային և այսօր էլ չկան հսկիչ անցագրային կետեր, որտեղ հնարավոր կլիներ այցագիր ստանալ:

Իրանը Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 25-ին, նույն օրը, երբ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց: Հայաստանի արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը առաջին այցերից մեկը կատարեց Իրան: 1992թ. փետրվարի 9-ին Հովհաննիսյանը իրանցի գործընկեր Ալի Աքբար Վելայաթիի հետ Թեհրանում ստորագրեց երկու փաստաթուղթ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին փստաթուղթ, ինչպես նաև՝ Հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիր, որով Երևանն ու Թեհրանը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը:

Միացյալ Նահանգներից հետո երկրորդ պետությունը, որ Երևանում դեսպանություն բացեց, Իրանն էր՝ 1992թ. ապրիլին: Նույն տարվա դեկտեմբերին Թեհրանում բացվեց Հայաստանի դեսպանությունը:

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեք անգամ այցելել է Իրան: Ռոբերտ Քոչարյանը Թեհրան այցելել է երկու, իսկ Սերժ Սարգսյանը՝ երեք անգամ: Իրանի նախագահներից Ալի Աքբար Ռաֆսանջանին չի այցելել Երևան, մինչդեռ նրան հաջորդող նախագահներից Մոհամմադ Խաթամին այցելել է մեկ, իսկ Մահմուդ Ահմադինեժադը՝ երեք անգամ: Գործող նախագահ Հասան Ռոհանին դեռևս Հայաստան չի այցելել:

90-ականների սկզբներին, երբ Վրաստանը ներքաշվեց Աբխազական և ապա քաղաքացիական պատերազմների մեջ, Հայաստանի արտաքին աշխարհի հետ ցամաքային կապը իրականացվում էր Իրանի միջոցով: Չլինեին իրանական ապրանքները, այդ թվում՝ սնունդը, «մթի և ցրտի տարիների» Հայաստանը կենթարկվեր նաև այլ զրկանքների:

Իրանից Հայաստան տարեկան ներկրվում է մոտավորապես այնքան ապրանք, որքան Թուրքիայից: Սա այն դեպքում, երբ թուրք-հայկական սահմանը փակ է, թուրքական ապրանքները հիմնականում Հայաստան են հասնում երրորդ երկրների, առաջին հերթին՝ Վրաստանի ճանապարհով: Ի տարբերություն Թուրքիայի, Հայաստանը դեպի Իրան արտահանում է կատարում: Ճիշտ է՝ ապրանքաշրջանառության հաշվեկշիռը հինգ-վեց անգամ չափով Իրանի օգտին է:

Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռում Իրանը մշտապես առաջին տասնյակում է: Անկախության առաջին տարիներին Իրանը մշտապես առաջին հնգյակում էր, հաճախ՝ եռյակում:

Ներկայացնենք Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը սկսած 1995-ից: Ազգային վիճակագրական ծառայությունը, որից օգտվել ենք, տվյալներ չի տալիս 1991-1994 թվականների համար: Ակնհայտ է, որ հենց այդ թվականներին է եղել առաջին անհրաժեշտության ապրանքների ամենամեծ ներհոսքը դեպի Հայաստան և Արցախ: Հայաստանից դեպի Իրան արտահանման ամենամեծ ծավալը եղել է 2012թ.՝ ավելի քան 108 միլիոն դոլար, ներկրումը՝ նույնպես 2012թ.՝ գրեթե 220 միլիոն դոլար:

թվական արտահանում ներկրում

2014 84.630.600 206.542.000

2013 94.955.200 198.492.000

2012 108.512.100 219.413.100

2011 106.250.400 216.792.300

2010 84.831.200 199.884.700

2009 33.025.900 162.398.000

2008 25.056.300 202.991.200

2007 38.499.000 141.663.000

2006 29.642.900 114.399.500

2005 28.513.000 89.166.600

2004 30.559.600 62.284.700

2003 22.478.900 51.281.300

2002 31.468.600 62.615.400

2001 31.870.400 78.120.500

2000 30.089.000 82.328.400

1999 34.160.800 78.450.400

1998 31.392.300 63.912.500

1997 42.583.600 88.671.400

1996 43.912.700 149.793.600

1995 35.042.100 89.774.600

Այսօր, երբ Իրանը, թվում է, դուրս է գալիս միջազգային մեկուսացումից, Երևան-Թեհրան հարաբերություններում նոր հնարավորություններ ու հեռանկարներ են բացվում:

Մեկնաբանել