Չկա և երբեք չի լինի Լենային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում, այս մասին Վաշինգտոնում «Բրուքինգս» հաստատությունում իր ելույթի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, Ռուբինն ասել է, որ Միացյալ Նահանգներն ուշադրությունը կենտրոնացրել է ղարաբաղյան հակամարտության արդար, խաղաղ, տևական և բոլոր կողմերի համար շահավետ կարգավորման վրա, և հենց այդ մոտեցումը պետք է գերակայի հաջողության հասնելու համար:
«Գույություն չունի ավելի լավ լուծում, բոլոր մյուսներն այնքան սարսափելի են, որ դրանք չարժե նույնիսկ դիտարկել», – ասել է Ռուբինը:
Պետքարտուղարության պաշտոնյան ընդգծել է, որ ժամանակն է, որպեսզի կողմերը վերահաստատեն առաջընթացի հասնելու իրենց պատրաստակամությունն ու նվիրվածությունը: Նա չի մանրամասնել, թե դա արդյոք պետք է արվի կողմերի հայտարարության, թե նախագահների հերթական հանդիպման ձևով: Այդուհանդերձ, առաջընթացին նվիրվածությունը վերահաստատել անհրաժեշտ է, համոզված է դիվանագետը.
«Դա հեշտ չէ և այդ կարգավորմանը հասնելու համար երկու կողմն էլ պետք է որոշ ընտրություն կատարեն, դա երկու կողմի համար էլ բարդ է, և հենց այդ պատճառով կարգավորմանը դեռևս չենք հասել»:
Ամեն դեպքում, ըստ Ռուբինի, Միացյալ Նահանգները մյուս համանախագահող երկրների հետ միասին պատրաստ է տևական խաղաղության հաստատման համար անել հնարավոր ամեն ինչ: Պետքարտուղարության պաշտոնյան ավելացրել է, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան բռնություններից.
«Մեր կարծիքով, չափազանց կարևոր է, որպեսզի կողմերն ամեն կերպ զերծ մնան այս իրավիճակը սրելուց, այսպիսով, միջադեպերից խուսափելը վճռական հարց է»: