Հունիսի 23-ի դեպքերով քրեական գործը հարուցվել է դեռևս հուլիսի 2-ին. դատախազություն

MHM96955Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում և ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում հավաքի մասնակիցների և իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցել է դեռևս հուլիսի 2-ին: Այս մասին ասված է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում` ի պատասխան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության` հունիսի 23-ին և դրան հաջորդած դեպքերի ժամանակ բռնի ուժ կիրառած ոստիկաններին պատժելու պահանջով նամակի:

«Գլխավոր դատախազությունում 2015թ. հուլիսի 14-ին ստացվել է «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության նամակը, որով նախաձեռնության հեղինակները խնդրել են նամակում նշված փաստերի հիման վրա հարուցել քրեական գործ՝  պատշաճ դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնել նախաքննության նկատմամբ, ոստիկանության գործողություններին տալ իրավական գնահատական և պատժել մեղավորներին»,- ասված է հաղորդագրությունում:

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ «վերոնշյալ նամակում բերված փաստերի, այն է՝ 2015թ. հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաքը, ապա նստացույցը դադարեցնելու նպատակով  իրականացվող հատուկ միջոցառումների ընթացքում,  պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից, իրենց լիազորությունների շրջանակից դուրս գալու, Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում հավաքի մասնակիցների և իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու, մարմնական վնասվածքներ պատճառելու,  դիտավորությամբ գույքը ոչնչացնելու միջոցով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու վերաբելյալ հրապարակումները, տեսաձայնագրությունները, ինչպես նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահի գրությունը, դեռևս հունիսի 24-ին Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար»:

Գլխավոր դատախազությունը նշում է, որ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից ենթադրաբար կատարված,  Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ, 185-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ դեռևս հուլիսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝

1. Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով(Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով)

2. 164-րդ հոդվածի 2-րդ մասով(Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը` որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով)

3. 185-րդ հոդվածի 1-ին մասով (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել):

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ թեև «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության նամակում նշված փաստերի առթիվ արդեն իսկ կա հարուցված քրեական գործ, այնուամենայնիվ, վերոնշյալ նամակն ուղարկել է նախաքննությունն իրականացնող մարմնին՝ համապատասխան ընթացք տալու համար: Հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ:  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Հունիսի 19-ին Երևանում` Ազատության հրապարակում, մեկնարկեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու:

Ջրցան մեքենայի, քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցությամբ իրականացված ոստիկանական գործողությունից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս տուժել ու բերման էին ենթարկվել նաև մի շարք լրագրողներ: Ոստիկանները կոտրել էին նրանց աշխատանքային տեխնիկան, առգրավել տեխնիկայի և հեռախոսների հիշողության քարտերը:

Հունիսի 24-ից քաղաքացիները Բաղրամյան պողոտայում նստացույց սկսեցին:

Հունիսի 26-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի: Հունիսի 27-ի երեկոյան Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ և հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` նշելով, որ ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չեն դիպչի, այլ գումարներ կգտնեն անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:

Հունիսի 28-ի երեկոյան «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ` Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին կոչ անելով երթով շարժվել Ազատության հրապարակ և այնտեղ «կայացնել խելամիտ որոշումներ»: Ցուցարարների շատ քիչ մասը հետևեց կոչին, իսկ մեծ մասը բողոքը շարունակեց Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը հայտարարեց, որ միջոցներ ձեռք կառնի` ցրելու Բաղրամյան պողոտայում մնացողներին, սակայն որևէ գործողության չդիմեց:

Հունիսի 30-ին «Ոչ թալանին»-ը վերադարձավ Բաղրամյան պողոտա, սակայն ոչ որպես շարժումը համակարգող խումբ:

Բաղրամյան պողոտայում քաղաքացիների նստացույցը շարունակվեց մինչև հուլիսի 6-ը:

«Ոչ թալանին» նախաձեռնության հուլիսի 14-ի երթը դեպի դատախազություն` այստեղ: