ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է ilur.am-ի խմբագրի դեմ քրեական գործի առնչությամբ

109025ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հուլիսի 16-ին մտահոգություն է հայտնել ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. հունիսի 26-ին կայացրել էր դատական ակտ, որը պարտադրում էր ilur.am կայքին և «Հրապարակ» օրաթերթին բացահայտել իրենց հրապարակումներից մեկի աղբյուրը: ԵԱՀԿ-ն այդ ժամանակ ևս մտահոգություն էր հայտնել` նշելով, որ «այս որոշումը կարող է զսպող դեր ունենալ լրատվամիջոցների համար և խոչընդոտներ ստեղծել հանրային կարևոր խնդիրների լուսաբանման համար»: Խանումյանն այժմ մեղադրվում է աղբյուրը բացահայտելու մասին դատական ակտը դիտավորյալ չկատարելու մեջ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

«Լրատվամիջոցների ներկայացուցիչները չպետք է պատասխանատվության ենթարկվեն հանրությանը հետաքրքրող տեղեկատվության հրապարակման կամ տարածման համար»,- գրել է Միյատովիչը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված նամակում:

«Եթե տեղեկատվությունը օրենքով որակված չէ` որպես գաղտնի` ազգային անվտանգության նկատառումներով կամ այլ գերական շահերի պաշտպանության համար, պետությունը պետք է ապահովի լիակատար պաշտպանություն` ընդդեմ լրագրողական աղբյուրը բացահայտելուն ուղղված ցանկացած իրավական կամ վարչական սանկցիայի:

Այս սկզբունքն անկախ լրագրության և ազատ լրատվամիջոցների գոյության հիմնական պահանջներից մեկն է»,- ասել է Միյատովիչը:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը հույս է հայտնել, որ իրավապահ մարմինները կփակեն Խանումյանի դեմ գործը: