Մարդասպանների սահմանադրությունը

Սահմանադրության մեջ ահաբեկչական ռումբ են դրել։ Հենց բողոքեցիր, հենց փողոց դուրս եկար, այդ ռումբը պայթելու է։ Հնարավոր է, սպանելու մտադրություն չունեն, բայց ռումբը դրված է, սահմանադրությունն ականապատված է, որպեսզի քաղաքացին նրան մոտ չգա։ Սահմանադրության մեջ ահաբեկչական ռումբ են դրել։ Հենց բողոքեցիր, հենց փողոց դուրս եկար, այդ ռումբը պայթելու է։ Հնարավոր է, սպանելու մտադրություն չունեն, բայց ռումբը դրված է, սահմանադրությունն ականապատված է, որպեսզի քաղաքացին նրան մոտ չգա։

Հայաստանի հանդեպ ապագա բոլոր հանցանքները Սերժ Սարգսյանը մտածել է փաթեթով։ Մարդը 7 տարի երկիր է ղեկավարում և մտածում է միայն հանցանքը «փաթեթավորելու» կամ բոլորը մեկ փաթեթում դնելու մասին։ Այդ փաթեթը և փաթեթավորումը սահմանադրական փոփոխություններն են։ Հոդված 23-ի 2-րդ կետով այդ մարդը որոշել է սպանությունը դարձնել սահմանադրական նորմ՝ կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի (յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք – Մ Ա.) խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է։

Այս կետը գրելիս Սերժ Սարգսյանին առընթեր սահմանադրագետներն առաջնորդվել են հանցավոր նախադեպերով կամ նոր հանցանքներ կատարելու հնարավոր հրամայականներով։ Հանցավոր նախադեպեր են մարտի 1-ը և նախկինում ԱԱԾ փոխտնօրեն Հրաչյա Հարությունյանի Մանկավարժականում դիպուկահարի հրացանով իրականացրած սպանությունը։ Ավելին, հոդված 23-ի մեջ 2004-ի ապրիլի 12-ի գիշերը մարդ չսպանելու գաղտնի ափսոսանքը կա։ Հնարավոր հրամայականների մեջ քաղաքական ցանկացած ակտիվություն ահաբեկչություն դիտարկելու հրամայականն է։ Հիմա, երբ այս իշխանությունն ասի, որ հանրահավաքը ցրելու են Սահմանադրության տառին համապատասխան, բողոքող քաղաքացին հիշելու է, որ այնտեղ կա նաև կյանքից զրկելու դրույթը։ Հասկացա՞ք։ Այս մարդիկ սահմանադրության մեջ ահաբեկչական ռումբ են դրել։ Հենց բողոքեցիր, հենց փողոց դուրս եկար, այդ ռումբը պայթելու է։ Հնարավոր է, սպանելու մտադրություն չունեն, բայց ռումբը դրված է, սահմանադրությունն ականապատված է, որպեսզի քաղաքացին նրան մոտ չգա։ Այսինքն, քաղաքացին պետք է հեռու մնա իր միակ պատվարից, Սահմանադրությունից, որովհետև այնտեղ արդեն իրեն սահմանադրորեն սպանելու նորմը կա։ Հիմա, երբ որ քաղաքացիականները փողոց փակեն, նրանք չեն ասելու, մարտի 1 եք ուզու՞մ, նրանք վերցնելու են Սահմանադրությունը և ի լուր հրապարակի կարդալու են՝ կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի (յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք – Մ Ա.) խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է։ Եվ վերջ։ Գնա ու մարդկանց համոզիր, որ բողոքը, հանրահավաքը քո սահմանադրական իրավունքն է։ Կասի՝ իսկ սպանելն էլ իշխանության սահմանադրական իրավունքն է։

Սահմանադրագետներն ասում են, որ այդ նորմը եվրոպական կոնվենցիայում կա։ Ավելին, կոնվենցիայում հստակ նշված է, որ խռովության և ապստամբության վտանգի դեպքում այս դրույթը լիովին տեղին է կիրառման համար։ Ժողովուրդ, եվրոպական կոնվենցիան, կյանքից զրկելը տարանջատել է սպանությունից, որովհետև իրեն ապահովագրել է ընտրություններ կեղծելու պատճառով ժողովրդի փողոց դուրս գալու «հին և բարի» ավանդույթից։ Եթե իշխանությունդ ընտրյալ է, «կյանքից զրկելու» դրույթի թիկունքում տեսնում ես քեզ սպառնացողի, ասենք, ահաբեկչի կամ պատանդառուի այս կյանքում տեղ չունենալը։ Իրենք իրենց իշխանությունների մասին այդպես չեն մտածում։ Եվրոպան բոլորին դրել է իր տեղը, որպեսզի հենց օտար մարմին հայտնվի իր սահմանադրական օրգանիզմի վրա, տեսնի։ Մենք սովորական օրենքներով կարգավորվող օրգանիզմ չունենք, մենք Սահմանադրություն էինք գրել որպես մեր «հայրենատիրության վերջին ապաստան»։ Որպեսզի հենց դուք հարձակվեիք, մենք իմանայինք, թե ուր մտնեինք։ Հիմա դուք ականապատում եք մեր վերջին ապաստարանը։ Դուք ամբողջ աշխարհին, ներառյալ եվրոպական կառույցներին ցույց եք տալիս, որ Հայաստանի քաղաքացին արդեն ինքն իր էությամբ է ականապատված, եկեք և աշխատեք միայն իշխանության հետ, որովհետև քաղաքացին ահաբեկված է, նրա հետ խոսել հնարավոր չէ։ Սերժ Սարգսյանը Սահմանադրության միջոցով ականապատում է մարդուն։ Հիմա թող որևէ մեկը ասի, որ նա Հայաստանի նախագահն է։ Որովհետև այդպես վարվում է թշնամին, պետություն օկուպացրածը։ Եվրոպայում հնարավոր չէ իշխանության գալ պետություն օկուպացնելու անխախտ համոզումով, իրենք բոլոր օրենքները մտածում են մինչ այդ եղած և այդուհետ լինելիք բոլոր մարտահրավերները ֆիքսելով, ինքը ցանկացած մարտահրավեր «ֆռռացնում» է այնպես, որպեսզի նրանից հարմարավետություն դուրս բերի, ինչպես ճապոնացին է աղբը դարձնում էներգետիկ աղբյուր։

Այդպիսի հարմարավետություն է, դիցուք, էվթանազիան, այսինքն, հարմարավետորեն կյանքից զրկվելու իրավունքը։ Ինքը մահապատիժ չունի, նույնիսկ էվթանազիայով մահապատիժ չունի, որովհետև մահվան էդ ձևի մեջ մարդու անձնական դիրքորոշումը չկա։ Էվթանազիան ոչ միայն դիրքորոշում է, այլև համոզմունք։ Եթե նույնիսկ մեր սահմանադրագետները մեզ փորձեն համոզել, որ էդ դրույթի վերջնական «կանգառում» էվթանազիայի ամրագրումն է, պիտի հիշեն, որ Հայաստանն առայժմ այդպիսի մարտահրավեր չունի, մեր գլխավոր մարտահրավերը իշխանության ձևավորումն է քաղաքացու քվեով։ Հետևողական արտագաղթի երկրում բոլոր մարտահրավերները գալիս են այս անկարողությունից։ Հետևաբար հոդված 23-ով իշխանությունը հանդես է գալիս իր պատասխան անկարողության ցուցադրումով՝ դա փողոց դուրս եկող քաղաքացին է։ Փողոցային քաղաքացու հետ հնարավոր չէ խոսել էվթանազիայով, նրա հետ հնարավոր է խոսել միայն դիպուկահարով։ Ինչը և սահմանադրական նորմ է դարձրել Սերժ Սարգսյանը ձեռամբ սիրասուն բալիկներ և թոռնիկներ ունեցող Հրայր Թովմասյանի, Վարդան Պողոսյանի, գագիկ հարությունյանի, Գևորգ Դանիելյանի և անձամբ իր։