Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի նյութերը հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեին
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ կոմիտեն այսօր առձեռն ստացել է 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննված քրեական գործի նյութերը, որին նախորդել էին համատեղ քննարկումներ Երևանում և Գյումրիում։
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննչական խմբի անդամները ռուս գործընկերների հետ ուսումնասիրել են ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործը և համատեղ առանձնացրել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քննությանը վերաբերող նյութերը։ Արդյունքում՝ անջատված նյութերը կազմել են 9 հատոր, որոնք այսօր հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեին։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի քննչական խմբի ղեկավարն ստացած նյութերն ուղարկել է թարգմանության»,- ասված է հաղորդագրությունում:
***
Հունվարի 12-ին Գյումրիում սպանդի էր ենթարկվել Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը։ Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։
Հունիսի վերջին Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ սկսված բողոքի ցույցերի ընթացքում Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեց Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ:
Հանդիպման արդյունքում, ի թիվս այլ պայմանավորվածությունների, ռուսական կողմը համաձայնեց Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը հանձնել ՀՀ քննչական
կոմիտեի վարույթ:
Հունվարին Գյումրիում սպանությունից հետո սկսված ցույցերի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, վկայակոչելով Ռուսաստանի սահմանադրությունը, հայտարարել էր, որ Պերմյակովի գործի վարույթի հանձնումը հայկական կողմին հնարավոր չէ: