ՀՀ նախագահը նոր խոսնակ ունի

vladimir hakobyan s ՀՀ նախագահի նոր խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արման Սաղաթելյանն ազատվել է նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից: Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը, հաղորդում է նախագահի պաշտոնական կայքէջը:

Արման Սաղաթելյանը Ֆեյսբուքի իր էջում իր պաշտոնին հրաժեշտ տալու մասին գրել է.

«Սիրելի՛ գործընկերներ,

հայտնում եմ ձեզ, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել Հանրապետության նախագահին՝ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ինձ ազատելու խնդրանքով: Ասեմ, որ աշխատանքի հրավեր եմ ստացել և ցանկություն ունեմ տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով:

Շնորհակալ եմ բոլորիդ այս տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ սրտացավության, փոխըմբռնման և համագործակցության համար:

Մինչ նոր հանդիպում: Իսկ մինչ այդ՝ վաղվանից արձակուրդ, առագաստներ, սարեր, քամի, երկինք և բազում այլ տարերքներ…»:

Նախագահի նոր մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը ծնվել է 1982թ., Երևանում: 1998-2003թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնում: 2003-2005 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Վերջին զբաղեցրած պաշտոնը՝ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը՝ մայոր: 2011թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2013թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: