Հասմիկ Պապյան, Բարսեղ Թումանյան. երաժշտական երեկո Բիքֆայայում` նվիրված 100-րդ տարելիցին

11748597_974019519295260_304127535_nՍոպրանո Հասմիկ Պապյանի և բաս Բարսեղ Թումանյանի հոգեթով ձայնը լիբանանահայ երաժշտասեր հասարակությանը ստիպեց երկարատև ծափահարություններ ու «բրավո»-ներ: Հաճախ չէ լիբանանահայ համայնքը հնարավորություն ունենում կենդանի ունկնդրել համաշխարհային բեմեր նվաճած նման բարձրակարգ երգիչների կատարումներ:

Երաժշտական երեկոն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ներառել էր ամենատարբեր կատարումներ Կոմիտասից, Սայաթ-Նովայից, Էդգար Հովհաննիսյանից, Առնո Բաբաջանյանից, Տիգրան Չուխաջյանից և Արամ Խաչատրյանից:

Երգացանկում ներառվել էին «Հայրենիքիս հետ», «Երևան-Էրեբունի» (դուետ), ինչպես նաև մեներգեր` «Իմ չքնաղ հայրենիք», «Ես կցանկամ», «Իմ հայրենիք», «Սարդարապատ» (Բարսեղ Թումանյան), «Քելե քելե, հոյ նազան», «Ես քո ղիմեթն», «Հայաստան», «Կիլիկիա» (Հասմիկ Պապյան):

Վերջին երգը Պապյանը կատարեց երեկոյին ներկա հանդիսատեսների մի մասի ընկերակցությամբ, որոնց թվում` Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

Համերգը կայացավ Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի պատերից ներս` բաց երկնքի տակ, մասնակցությամբ Բեյրութի սիմֆոնիկ նվագախմբի և գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Հարութ Ֆազլյանի:

Երաժշտական երեկոյի ավարտին Արամ Ա-ն գնահատանքի խոսքեր ուղղեց համաշխարհային մակարդակի երգիչներ Հասմիկ Պապյանին ու Բարսեղ Թումանյանին, նոր բեմեր նվաճող Հարութ Ֆազլյանին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երկարատև տարիների բարերարներ Պէզիկեան ընտանիքի անդամներին, Հայոց ցեղասպանության Նահատակի հրապարակի և «Թռչնոց բույնի»` Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի ճարտարապետներին:

Թաթուլ Հակոբյան

Անթիլիաս, Լիբանան