ԵՄ-ն պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ

12044_am_2 «Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում», – ասել է Հովիկ Աբրահամյանը:

Ռիգայում մայիսի վերջին կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո ԵՄ-ն պատրաստակամ է նոր թափով շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ. այս մասին հուլիսի 20-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Երևանում կայացած հանդիպմանն ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Եվրոպական խորհրդի նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրոպական Միության համար այս տարածաշրջանում:

«Մենք նաև ձեր կողքին ենք բարեփոխումների ձեր օրակարգում, որը հավակնոտ է, և համոզված եմ, որ Ձեր անձնական հանձնառությամբ այն կյանքի կկոչվի»,- ասել է Դոնալդ Տուսկը Հովիկ Աբրահամյանին:

Աբրահամյանն իր հերթին նշել է, որ երկուստեք առկա է քաղաքական կամք և հանձնառություն՝ էլ ավելի խորացնելու և ամրապնդելու փոխգործակցությունը: «Եվրոպական Միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, որի հետ մեր համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում», – ասել է նա:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին, քաղաքացիների շփումների խթանմանը և ԵՄ հետ ազատ տեղաշարժի ապահովմանը, ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ բանակցություններին վերաբերող և այլ հարցերի:

Հովիկ Աբրահամյանն ու Դոնալդ Տուսկը համոզմունք են հայտնել, որ Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը հնարավորություն կընձեռի նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին և կնպաստի բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել ֆինանսական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին՝ Տուսկը նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և ԵՄ-ն շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցի շուրջ:

***

Դոնալդ Տուսկը Եվրոպական խորհրդի նախագահն է 2014թ. դեկտեմբերի 1-ից:

Եվրոպական խորհուրդը ԵՄ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներից կազմված մարմինն է: Այն ԵՄ-ն ներկայացնում է միջազգային ասպարեզում և որոշում ԵՄ քաղաքական ուղղությունը: