Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են դինամիկ. Սերժ Սարգսյան

12459 Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 20-ին տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսին:

«Դա վկայում է այն մասին, որ առկա են երկուստեք քաղաքական կամք և հանձնառություն և, որ ամենակարևորն է՝ ընդհանուր արժեհամակարգ, որի վրա կառուցում ենք զարգացման մեր ուղին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ «հարաբերությունների սերտացումը, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և բարեփոխումների հետագա խորացումը կրելու են շարունակական բնույթ»:

«Անդրադառնալով մայիսի 21-22-ը կայացած Արևելյան գործընկերության չորրորդ գագաթաժողովի արդյունքներին` մենք գոհունակությամբ նշեցինք, որ Ռիգայում ամրագրվեց տարբերակված մոտեցմամբ ԵՄ և գործընկեր երկրների միջև փոխշահավետ համագործակցություն ծավալելու հանձնառությունը»,- ասել է Սարգսյանը` հույս հայտնելով, որ առաջիկայում կմեկնարկեն ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, որոնց հաջող ավարտը «նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում»: Նրա խոսքով` Եվրոպական խորհրդի նախագահի այցը լավագույնս վկայում է` «Հայաստանի և ԵՄ-ի միջև առկա են ընդհանուր ըմբռնում և փոխադարձ հետաքրքրություն` խորացնելու առկա կապերն ու շփման ձևաչափերը»:

ԼՂ խնդրի մասին

ՀՀ նախագահն ասել է, թե հանդիպմանը կարևորվել է, որ գագաթաժողովի մասնակիցները վերահաստատել են ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և 2009-ից ի վեր այդ պետությունների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններին, «ինչը ևս մեկ անգամ վկայում է լուծումն այլ հարթակներ տեղափոխելու ջանքերի անհեռանկար լինելու մասին»:

«Որքան էլ Ադրբեջանը փորձի խեղաթյուրել այդ հիմնախնդրի էությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը վաղուց արդեն չի վիճարկվում, ավելին՝ այն ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հայտարարություններում: Այդ գաղափարի համատեքստում մենք պատրաստ ենք առաջ ընթանալ ողջամիտ փոխզիջումների ճանապարհով»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանը նշել է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել այս օրերին համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող տարբեր իրադարձություններին և համոզմունք է հայտնվել, որ այդ իրադարձությունների բարեհաջող ընթացքը իր դրական դերակատարությունը կունենա ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության, կայունության և համագործակցության ամրապնդման գործում։ «Մեր երկրի առաջնահերթ շահերից է բխում հարևան Իրանի Իսլամական Հանրապետության բնականոն զարգացումն ու լիարժեք ներգրավվածությունը միջազգային գործընթացներում: Անշուշտ, մենք ցանկանում ենք, որպեսզի մեր դարավոր բարեկամ Հունաստանը օր առաջ կարողանա լուծել իր առջև ծառացած բարդագույն խնդիրը»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանի հետ այսօր կայացած հանդիպմանը Դոնալդ Տուսկն անդրադարձել է Թվիթերի իր էջում: Տեղադրելով հանդիպումից մի լուսանկար` նա գրել է.

«ԵՄ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը` չմինալ Ասոցացման պայմանագրին ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին:

Հայաստանը կարող է ապավինել ԵՄ-ի աջակցությանը` բարեփոխելու օրակարգը, ներառյալ մարդու իրավունքների ոլորտում»:

 

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հաղորդում են, որ հանդիպման ընթացքում Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, թե «ուրախ է, որ Հայաստանում օրենքի համաձայն նախաձեռնվել է սահմանադրական բարեփոխումների գործընթաց, և ՀՀ նախագահին խնդրել է ներկայացնել բարեփոխումների իրականացման նպատակը և այդ գործընթացի վերաբերյալ նրա գնահատականը»:

***

Դոնալդ Տուսկը Եվրոպական խորհրդի նախագահն է 2014թ. դեկտեմբերի 1-ից:

Եվրոպական խորհուրդը ԵՄ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներից կազմված մարմինն է: Այն ԵՄ-ն ներկայացնում է միջազգային ասպարեզում և որոշում ԵՄ քաղաքական ուղղությունը: