Պակասում է սովետական սահմանադրության 6-րդ հոդվածը. Տիգրան Աթանեսյան

tigran_atanesyanՓաստաբան Տիգրան Աթանեսյանը համոզված է, որ եթե անցկացվի նոր սահմանադրության նախագիծը, այն Հայաստանը կտանի բռնապետության:

ՍիվիլՆեթի հետ զրույցում նա առաջարկված նախագիծը հահեմատում է ԽՍՀՄ Սահմանադրության հետ:

«Դա սահմանադրական փոփոխություններ չեն, այլ լրիվ նոր Սահմանադրություն: Այսինքն` 1995թ. Սահմանադրությունը` 2005թ. խմբագրություններով, պարզապես դադարում է գործել: Իմ կարծիքով` նման կարգի Սահմանադրություն ունենալը Հայաստանի նման երկրին կբերի շատ երկարատև բռնապետության, իսկ անգամ զարգացած երկրի համար սա քաղաքական ճգնաժամերով լի Սահմանադրություն է»,- ասում է Տիգրան Աթանեսյանը:

Նրա խոսքով` պետական կառավարման համար մեծագույն խնդիր է, երբ իշխանության դե յուրե և դե ֆակտո աղբյուրները գտնվում են տարբեր տեղ, իսկ առաջարկվող սահմանադրությունը թույլ է տալիս, որ իշխանության իրական կենտրոնը լինի առհասարակ պետական կառույցներից դուրս:

«Գրեթե ամբողջ իշխանությունը պատկանում է վարչապետին և կառավարությանը, և այն անձը, որը վերահսկում է իշխող կուսակցությունը, վերահսկում է ամբողջ երկիրը»,- ասում է Աթանեսյանը:

Փաստաբանը նշում է, որ այս նախագծին պակասում է միայն ԽՍՀՄ Սահմանադրության 6-րդ հոդվածը, որ Կոմունիստական կուսակցությունը երկրի ղեկավար և կողմնորոշիչ ուժն է: «Մեր դեպքում, բոլորս գիտենք` ո՛ր կուսակցությունն է: Սա լրիվ նույնն է: Սա սովետական մտածելակերպ ունեցող մարդկանց ստեղծած փաստաթուղթ է, և ինձ միևնույնն է, թե վենետիկյան փորձագետները ինչ են ասել: Ի վերջո, այդ փորձագետները չեն ապրելու այս Սահմանադրությամբ»,- ասում է Տիգրան Աթանեսյանը:

Նրա խոսքով` «լինելու են ձևական կառավարիչներ, ոչինչ չորոշող մարդիկ կարող են հայտնվել բարձրագույն պետական պաշտոններում, ինչը շատ վտանգավոր է»:

Հարցազրույցն ամբողջությամբ` ստորև.

Մեկնաբանել