ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը կգոհացնի երկու կողմերին էլ. Դոնալդ Տուսկ

12477Ես կարծում եմ, որ և՛ Եվրամիությունը, և՛ Հայաստանը լիովին գոհ և բավարարված կլինեն, երբ մենք ավարտենք աշխատանքը նոր համաձայնագրի շուրջ. հուլիսի 20-ին Երևանում այսպիսի հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, Տուսկը նշել է, որ պայմանավորված Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ` ԵՄ-ի հետ ապագայի հնարավոր համաձայնագիրը մի փոքր այլ կլինի, քան նախկին առաջարկն էր՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի հետ ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: «Ես կարող եմ կրկնել, որովհետև կարծում եմ, որ սա կարևոր է ձեզ համար. մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ, և մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը՝ լինելու Եվրասիական տնտեսական միության անդամ»,- ասել է Տուսկը:

Եվրոպական խորհրդի նախագահը համոզմունք է հայտնել, որ «անհրաժեշտ են Արևելյան գործընկերության մեջ որոշ փոփոխություններ, որովհետև Արևելյան գործընկերությունը եղել է և ապագայում պարտավոր է լինել հարմարավետ ձևաչափ ոչ միայն նախաձեռնողների, այլև առաջին հերթին դրանում ընդգրկված պետությունների՝ օրինակ Հայաստանի համար»: «Ես համոզված եմ, որ մենք լավագույն մոտեցումը կգտնենք, որպեսզի ուժեղացնենք մեր համագործակցությունը նաև Արևելյան գործընկերության շրջանակում: Իմ կառավարությունը Արևելյան գործընկերության նախաձեռնողներից էր, և ես խորապես հավատացած եմ, որ այդ գաղափարը իսկապես կարևոր էր ոչ միայն Եվրամիության, այլև Արևելյան գործընկերության 6 պետությունների համար: Կարծում եմ` սա կարելի է եվրոպական մասնագիտացում համարել օգնելու մեր հարևաններին՝ չպարտադրելով մեր առաջարկները և մեր լուծումները: Ահա, դրանով եմ ես այդքան հպարտ, որ ներկայացնում եմ մի կազմակերպություն, որը միշտ պատրաստ է օգնել առանց գաղափարական, տնտեսական ագրեսիայի, եթե հասկանում եք` ինչ ի նկատի ունեմ, բայց կարծում եմ՝ բավական պարզ ասացի»,- ասել է նա:

***

Դոնալդ Տուսկը Եվրոպական խորհրդի նախագահն է 2014թ. դեկտեմբերի 1-ից:

Եվրոպական խորհուրդը ԵՄ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներից կազմված մարմինն է: Այն ԵՄ-ն ներկայացնում է միջազգային ասպարեզում և որոշում ԵՄ քաղաքական ուղղությունը: