«Թուրքիայում հնարավորություն է ստեղծվել արձանագրությունները խորհրդարանի օրակարգ մտցնել»

Լուսանկարում՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն (մեջտեղում) ցյուրիխյան արձանագրությունները ստորագրելուց հետո, հոկտեմբեր 10, 2009: Լուսանկարում՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն (մեջտեղում) ցյուրիխյան արձանագրությունները ստորագրելուց հետո, հոկտեմբեր 10, 2009:

Թուրքիայում նոր խորհրդարան ձևավորելուց հետո հնարավորություն է ստեղծվել արձանագրությունները խորհրդարանի օրակարգ մտցնել, ինչը կարող է արվել ոչ միայն խորհրդարանական կուսակցության, այլև անհատ պատգամավորի կողմից. այսպիսի տեսակետ է հայտնել Բրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան և նախկինում գործող հայ-թուրքական հանձնաժողովի անդամ Ունալ Չևիքյոզը, հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

Չևիքյոզի խոսքով, ապագան կողմերի համար լայն հնարավորություններ է բացում և հանուն ապագա սերունդների՝ այդ հնարավորություններից անհրաժեշտ է օգտվել՝ հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու նպատակով:

Նա նշել է, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են բարելավել հարաբերությունները հանուն ապագայի, «աշխարհը փոխվում է, և հակամարտությունները տեղ չունեն մեր ժամանակներում»:

«Ես հավատում եմ մեր սերունդների ապագային, հավատում եմ մեր հարաբերությունների առաջընթացին», – նշել է թուրք դիվանագետը:Չևիքյոզի խոսքով, նոր սերունդները թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում պատերազմ չեն տեսել և պատերազմ չեն ուզում, ու արժանի են այլ ապագայի. «Ես պապիկ եմ դարձել և երբ նայում եմ թոռնիկիս, գիտակցում եմ, որ այդ փոքրիկ աղջնակն ավելի լավ ապագայի է արժանի»:

Դիվանագետի խոսքով, նախկինում հայ-թուրքական բանակցությունները հաջողությամբ չնշանավորվեցին, որովհետև կողմերը փորձում էին գաղտնի գործել, մինչդեռ այսօրվա աշխարհում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հրապարակայնորեն գործել:

«Եթե մեզ հաջողվի համոզել ժողովուրդներին, եթե մեզ հաջողվի բացատրել, որ հարաբերությունների բարելավումը բարիք է, այդ դեպքում միայն մենք հաջողության կհասնենք», – ընդգծել է Ունալ Չևիքյոզը: