«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակրեպությունը վրդովված է ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանին աղբյուրը բացահայտելու մասին դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելու համար առաջադրված մեղադրանքի կապակցությամբ: Այս մասին ասված է կազմակերպության հուլիսի 21-ի հայտարարության մեջ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. հունիսի 26-ինկայացրել էր դատական ակտ, որը պարտադրում էր ilur.am կայքին և «Հրապարակ» օրաթերթին բացահայտել իրենց հրապարակումներից մեկի աղբյուրը: Խոսքը Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանին վերաբերող հրապարակման մասին էր, որի համաձայն` Նադարյանը մայիսի 7-ին կանգնեցրել էր ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մեքենան, բռնություն գործադրել նրա և նրա եղբոր նկատմամբ, զենքով սպառնացել նրանց: Քրիստինե Խանումյանն այժմ մեղադրվում է աղբյուրը բացահայտելու մասին դատական ակտը դիտավորյալ չկատարելու մեջ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
«Լրագրողներ առանց սահմանների»-ն նշում է, որ սա առաջին անգամն է` Հայաստանում լրագրողի դեմ քրեական գործ է հարուցվում աղբյուրը բացահայտելուց հրաժարվելու համար և փաստում է, որ Խանումյանին սպառնում է մինչև երկու տարի ազատազրկում:
«Խանումյանի այս հետապնդումը վտանգավոր նախադեպ է Հայաստանում մամուլի ազատության համար»,- ասում է Յոհան Բիրը` կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարը և հավելում. «Աղբյուրների գաղտնիությունը լրագրողական ազատության էական պայման է: Որպես այդպիսին` այն պաշտպանվում է և´ Հայաստանի օրենքներով, և´ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով: Մենք Հատուկ քննչական ծառայությանը կոչ ենք անում անմիջապես հրաժարվել այս մեղադրանքից»:
Քրիստինե Խանումյանի նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ անցյալ շաբաթ իր մտահոգությունն էր հայտնել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: «Լրատվամիջոցների ներկայացուցիչները չպետք է պատասխանատվության ենթարկվեն հանրությանը հետաքրքրող տեղեկատվության հրապարակման կամ տարածման համար»,- գրել էր Միյատովիչը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված նամակում և հույս էր հայտնել, որ իրավապահ մարմինները կփակեն Խանումյանի դեմ գործը: