Դամասկոսը Մոսկվայի հետ քննարկում է ԵՏՄ-ին միանալու հնարավորությունը

1138570486 Լուսանկարում` Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկին:

Սիրիայի և Ռուսաստանի ղեկավարությունները բանակցում են Սիրիայի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության և ազատ մաքսային գոտուն միանալու հնարավորության շուրջ. այս մասին հայտարարել է Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկին՝ հուլիսի 21-ին ռուսական «Ռիա նովոստի» գործոակալության հետ զրույցում:

«Ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում Եվրասիական տնտեսական միությանը և ազատ մաքսային գոտուն միանալու մասին: Մենք դրանում տեսնում ենք օգուտ և մեզ բարեկամ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդում, ինչը թույլ կտա հեշտացնել տնտեսական և առևտրային փոխգործակցությունը նրանց հետ»,- ասել է ալ Հալկին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչը «Ռիա նովոստիին» ասել է, որ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրները շատ դրական են վերաբերվում քաղաքական կայունացումից հետո Սիրիայի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններին:

«Խորհրդակցությունները տեղի են ունեցել: ԵՏՄ բոլոր երկրները շատ դրական են վերաբերվում տվյալ առաջարկությանը: Այժմ անհամբեր սպասում ենք Սիրիայում քաղաքական իրադրության կայունացմանը, որպեսզի անցնենք բանակցություններին»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչը:

***

ԵՏՄ-ն սկսել է գործել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանը պաշտոնապես միության անդամ է դարձել հունվարի 2-ից: