Համաձայնությունը լայն հնարավորություններ կբացի Իրանի համար. Ջոն Քերրի

KerryԻրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության ընդունումն ու իրականացումը լայն հնարավորություններ կբացի Իրանի զարգացման համար, «Ամերիկայի ձայնի» իրանական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ համաձայնագրի ձախողումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել.

«Եթե մենք ընդունենք այդ համաձայնագիրը, ապա դա մեզ համար հնարավորությունների նոր ճանապարհ կբացի, իսկ եթե մենք այն չընդունենք, կունենանք բազմաթիվ խնդիրներ, միգուցե՝ նույնիսկ հակամարտության հնարավորություն, ինչը, կարծում եմ, աղետալի կլինի: Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի մարդկանց համոզել և բացատրել, որ այս համաձայնությունն իրականում կանխում է հակամարտությունը, ապահովում է տարածաշրջանային անվտանգությունը և զերծ է պահում միջուկային զենքի տարածումից»,- ասել է Քերրին:

Պետքարտուղարի խոսքով, վճռական խոսք ունեն ասելու Կոնգրեսն ու իրանական կողմը, որոնք պետք է հավանություն տան գործարքին, որից հետո այն ուժի մեջ կմտնի: Կոնգրեսը պետք է վերջնական որոշում կայացնի համաձայնագրի վերաբերյալ մինչև սեպտեմբերի 19-ը: Անդրադառնալով Իրանի ժողովրդի ուրախությանը համաձայնագրի կնքման կապակցությամբ՝ Ջոն Քերրին նշել է, թե հույս ունի, որ ժողովրդի ձայնը լսելի կլինի ամերիկյան օրենսդիրների և իրանական կրոնականների համար, որոնք պետք է հաստատեն գործարքը:

«Եթե համաձայնագիրը հավանության արժանանա և լիարժեք իրականացվի, Իրանի ժողովրդի կենսամակարդակը զգալիորեն կբարձրանա, կսկսեն հանվել պատժամիջոցները, որոնք խանգարում էին գործարարությամբ և առևտրով զբաղվել, ներդրումներ կատարել։ Այսինքն՝ բազմաթիվ դրական զարգացումներ կարող են գրանցվել, եթե այս համաձայնագիրը լիարժեք ի կատար ածվի», – ավելացրել է պետքարտուղարը:

Քերրին ընդգծել է, որ միջուկային ծրագրի դադարեցման վերաբերյալ համաձայնությունը չի նշանակում, որ Վաշինգտոնն աչք է փակելու Թեհրանի հետ առկա այլ հակասությունների վրա.

«Միացյալ Նահանգները միանշանակ երբեք չի դադարի հավատալ ժողովրդավարությանը և մարդու իրավունքները հարգելու կարևորությանը և միշտ կպայքարի դրանց համար»: