Հուլիսի 21-ի ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, հաղորդում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների, ինչի հետևանքով հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Արցախի բանակը տիրապետում է իրադրությանը և իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում պատրաստ է անհամաչափ ու պատժիչ գործողությունների»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ` հուլիսի 21-ին, ԼՂՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ ժամը 14:00-ից սկսած` առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի տակ է առել հայկական դիրքերը: