2015թ. համար Հայաստանում ձևավորված է ցածր աճի միջավայր. ՀԲ

2015թ. համար Հայաստանում ձևավորված է ցածր աճի միջավայր. ՀԲ

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը ներկայացնում է Հայաստանի տնտեսության ամսական ամփոփ նկարագրությունը: ՀԲ-ն փաստում է, որ  2015թ. համար ընդհանուր առմամբ ձևավորված է ցածր աճի միջավայր: ՀԲ-ն հունիսին իջեցրել էր 2015թ. համար Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումը մինչև 0.8 տոկոս՝  հունվարյան 3.3% աճի կանխատեսումից: ՀԲ-ի տնտեսական ամփոփումը ներկայացված է ստորև:

  • ՀՆԱ աճը 2015թ. առաջին եռամսյակում նվազել է կազմելով 2 տոկոս:
  • Դրամավարկային քաղաքականությունը մնում է խիստ, ընդ որում սննդամթերքի բարձր գների պայմաններում գնաճը մոտենում է ԿԲ-ի նշագրման վերին շեմին` 4±1.5 տոկոս:
  • Հարկային եկամուտների մասով չափավոր աճ կա, սակայն սոցիալական ծրագրերին ուղղվող հատկացումների ավելացումը կարող է ծախսերի մասով ճնշումներ ձևավորել:
  • Առևտրային բացասական հաշվեկշիռը կրճատվել է ներմուծման նվազման ու արտահանման անկման համատեքստում:
  • 2015թ. հունվար-ապրիլ ամիսներին զուտ դրամական փոխանցումները նվազել են 44 տոկոսով:

Տնտեսական վերջին զարգացումները հաստատում են, որ 2015թ. համար ընդհանուր առմամբ ձևավորված է ցածր աճի միջավայր: 2015թ. առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 2.2 տոկոս: Փետրվար ամսից սկսած տնտեսական գործունեության համադրական համաթիվը (այսինքն` հունվար-փետրվար, հունվար-մարտ և այլն) տատանվել է 2.5-2.7 տոկոսի սահմաններում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), չնայած ավանդաբար այն տարվա ընթացքում վերընթաց միտում ուներ: 2015թ. առաջին 5 ամիսներին ծիրանի լավ բերքով պայմանավորված՝ աճ է նախանշվել գյուղատնտեսության ոլորտում: ՀՆԱ-ի պահանջարկի կողմը շարունակում է մնալ սահմանափակ` պայմանավորված առևտրի ու Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների նվազմամբ: Սա դրսևորվում է մանրածախ առևտրի տևական ու խորացող անկման տեսքով՝ 8.6 տոկոս 2015թ. հունվար-մայիս ամիսներին:

Դրամավարկային քաղաքականությունը մնում է խիստ: Մայիսին Կենտրոնական բանկը զերծ մնաց բաց շուկայական միջամտությունից և հունիսի 8-26-ը ժամանակահատվածում գնեց 30 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք արտարժույթ: Սա կօգնի ձևավորել միջազգային պահուստները և մեղել սեզոնային արժևորումների հետևանքով փոխարժեքի նկատմամբ ձևավորվող ճնշումները: Արժեթղթերով ապահովված վարկերը 2015թ. ապրիլին 2014թ. դեկտեմբերի վերջի համեմատ   նվազել են 3.5 տոկոսով, ընդ որում արտաժույթով տրամադրված վարկերի կրճատումն ամենամեծն է: Առևտրային բանկերը արտարժութային հավելյալ իրացվելի ակտիվներն ավանդադրել են ԿԲ-ում, ինչը հանգեցրել է համախառն պահուստների ավելացմանը (ամսական կտրվածքով) 102.9 միլիոն ԱՄՆ դոլարի չափով մայիս ամսվա ընթացքում: Սա նաև բացահայտեց փոխարժեքի արժեզրկման ակնկալիքները և իր դրսևորումը ստացավ առևտրային բանկերի կողմից տեղական արժույթով վարկեր տրամադրելու ու տնտեսավարողների կողմից արտարժույթով վարկեր վերցնելու սակավ ցանկության տեսքով: Վերաֆինանսավորման դրույքաչափը մնում է 10.5 տոկոս, ինչը փոխառված միջոցների բարձր ծախսերի է հանգեցնում:

Գյուղատնտեսական լավ բերքը դեռևս չի ապահովել սննդամթերքի ավելի ցածր գներ, ընդ որում մայիսին գնաճի հիմնական գործոնը սննդամթերքի գներն էին: Մայիսին գնաճը կազմեց 5.1 տոկոս` մոտենալով ՀՀ ԿԲ-ի նշագրման վերին շեմին` 4±1.5 տոկոս: Գնաճի ավելացման հիմնական գործոնը սննդամթերքի գներն էին, որոնք ապրիլ ամսվա ընթացքում աճեցին 5.1 տոկոսով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)` հանգեցնելով ընդհանուր գնաճի ավելացման 2.5 տոկոսային կետով: Ոչ պարենային ապրանքներն ու ծառայությունները հանգեցրել են գնաճի ավելացման համապատասխանաբար 1.1 և 1.2 տոկոսային կետերով: Գնաճի հետ կապված ճնշումները տարվա երկրորդ կեսին կարող են մեծանալ, եթե էլեկտրաէներգիայի սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջերս կայացրած որոշման համաձայն ավելացվի 16.6 տոկոսով[1]: Հայաստանի իշխանությունները պահանջել են «Հայաստանի էլեկտրական ցանցերի» անկախ աուդիտ ընկերության ֆինանսական հաշվետվությունները ստուգաքննելու ու հոսանքի գնի բարձրացման հիմնավորվածության մասին որոշում կայացնելու համար: Սակագնի բարձրացման և ՀԷՑ-ի հաշիվների հետ կապված հարցերը կլուծվեն աուդիտի անցկացումից հետո, իսկ մինչ այդ առաջարկված բարձրացումը կֆինանսավորվի բյուջեից:

Հարկաբյուջետային տիրույթը շարունակում է սահմանափակված մնալ` հարկային եկամուտների չափավոր աճի ու ծախսային մասով ճնշումների պայմաններում: 2015թ. հունվար-մայիս ամիսներին հարկային եկամուտները աճել են 1.3 տոկոսով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Այս ժամանակահատվածում անուղղղակի հարկերի հաշվին ընդհանուր հարկային եկամուտների ավելացումը կազմել է միայն 0.1 տոկոսային կետ, ինչը պայմանավորված է ներքին տնտեսական թույլ աճով և ներմուծումների պասիվացմամբ: Հոսանքի սակագնի բարձրացման բացասական ազդեցությունները աղքատ տնային տնտեսությունների համար մեղմելու նպատակով 2015թ. հունիսի 25-ին կառավարությունը հաստատեց ընտանեկան նպաստի չափը փոխելու մասին որոշումը` նպաստի չափը դարձնելով 17000-ից 19000 ՀՀ դրամ: Եթե նոր սակագինը 2015թ. օգոստոսի 1-ից սկսի գործել, ապա ընտանեկան նպաստի ծրագրի համար 2015թ. պետք է հավելյալ հատկացվի 1.05 միլիոն ՀՀ դրամ (հավելյալ 2000 ՀՀ դրամ 105.000 շահառու ընտանիքներին տարվա մնացած 5 ամիսների համար): Այնուամենայնիվ, բյուջետային բեռը (այդ թվում ընտանեկան նպաստի ծրագրին հատկացվող հավելյալ միջոցները) կհաշվարկվեն ՀԷՑ-ի աուդիտի ավարտից հետո: Ընդլայնման քաղաքականության համար որոշ բյուջետային տիրույթ ձևավորելու և 2015թ. համար պարտքի շեմի` ՀՆԱ-ի 50 տոկոսի գերազանցում թույլ չտալու համար հունիսի 23-ին փոփոխություններ կատարվեցին «Պետական պարտքի» մասին օրենքում, որով ՀՀ ԿԲ-ի պարտքը, որը կազմում է ՀՆԱ-ի 3.7 տոկոսը առանձնացվեց կառավարության պարտքից, որի առկայության արդյունքում բյուջեի դեֆիցիտը 2016թ. կարող էր լինել 2013-15 թթ. միջին ՀՆԱ-ի 3 տոկոսից ավելի[2]: Սա նախազգուշական քայլ է և ոչ անխուսափելի ընտրություն, քանի որ բյուջեի դեֆիցիտը մշտապես ցածր է եղել և վերջին երեք տարիներին մշտապես ցածր ու ՀՆԱ-ի 2 տոկոսից պակաս է եղել:

2015թ. հունվարմայիս ամիսներին առևտրային բացասական հաշվեկշիռը կիսվել է (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) դառնալով 581.6 միլիոն ԱՄՆ դոլար: Առևտրային հաշվեկշռի բարելավումը պայմանավորված է ներմուծման 38.0 տոկոս անկմամբ, որին զուգընթաց արտահանումը նվազել է 15.2 տոկոսով` նպաստելով առևտրային հաշվեկշռի լայնացմանը: Թեպետ արտաքին առևտրի վերաբերյալ 2015թ. հունվար-մայիս ամիսների համար դեռ մանրամասն վիճակագրություն չկա, սակայն օրինաչափությունը նույնն է, ինչ հունվար-ապրիլ ամիսներին և հիմնական գործոններից մեկն էլ պահանջարկի թուլացումն է Ռուսաստանից և ԵՄ-ից: Պայմանավորված ԵՏՄ մաքսային ընթացակարգերի իրականացման դժվարություններով, մասամբ նաև ռուբլու նկատմամբ դրամի հարաբերական արժևորմամբ, ինչպես նաև ԵՏՄ գործընկերների ցածր տնտեսական ցուցանիշներով՝ 2015թ. հունվար-ապրիլ ամիսներին ԵՏՄ երկրներ արտահանումը կազմեց 2014թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածի 3.8 տոկոսը: ԵՄ արտահանումը նվազել է 6.9 տոկոսով: Տնտեսության դանդաղ տեմպերի և Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների նվազման արդյունքում կրճատվել է նաև ներմուծման պահանջարկը: 2015թ. հունվար-ապրիլ ամիսների զուտ դրամական փոխանցումները նվազել են 44 տոկոսով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), ինչն ամբողջապես պայմանավորված է Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների 52 տոկոս անկմամբ:

world bank policy brief

[1] Հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց 1 կիլովատ հոսանքի սակագինը 41.85 դրամից 48.78 դրամ դարձնելու վերաբերյալ` ծածկելու Հայաստանի էլեկտրական ցանցերի կուտակած 225 միլիոն ԱՄՆ դոլարի կորուստները: Թեպետ սակագնի բարձրացումը շատ ավելի քիչ էր, քան առաջարկվում էր ՀԷՑ-ի կողմից (17 ՀՀ դրամ), սակայն բողոքի ալիք բարձրացավ, քանի որ հասարակությունը մեծապես հավատացած է, որ կորուստները պայմանավորված են ընկերության վատ կառավարմամբ:

[2] Պետական պարտքի մասին ընթացիկ օրենքով երկու բյուջետային պայման է գործում. առաջինը այն է, որ պետական պարտքը (սահմանվում է որպես կառավարության ու ԿԲ-ի պարտքի հանրագումար) չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ երկրորդ պայմանն այն է, որ եթե որևէ տարում պետական պարտքը գերազանցում է նախորդ տարվա ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա տարվա զուտ բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի նախորդ 3 տարիների ՀՆԱ-ի 3 տոկոսը: