«Երկու պրոիշխանական ուժ կանցնեն իշխանության, մեկը կհամարվի ընդդիմություն»

hrant bagratyan 650x350Ե´վ 1995-ի, և´ 2005-ի Սահմանադրությունը բավականին ճկուն են, դրանք չեն ստեղծել երկրում տնտեսական կամ քաղաքական ճգնաժամ. ՍիվիլՆեթի հետ զրույցում տեսակետ հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ես կարծում եմ, որ վերջին ութ տարիներին մենք չունենք այնպիսի վատ իրադարձություն, որը կապված է եղել նրա հետ, որ ունենք վատ Սահմանադրություն: Իհարկե, յուրաքանչյուր իշխանություն կարող է ասել` գիտեք` ինչ կա, ավելի լավ է անցնենք պառլամենտական հանրապետության: Մի պահ պատկերացնենք, թե իրոք փորձ է կատարվում անցնել պառլամենտարիզմի: Ավելի ուշ կտեսնենք, որ այդպես չէ»,- ասաց Բագրատյանը:

Նրա խոսքով` պառլամենատարիզմի ամենագլխավոր կետերից մեկն այն է, թե արդյոք կա առաջնային մանդատ ունեցող երկու մարմին. «Դա կարող է լինել մեկ Ազգային ժողով, մեկ նախագահ` ժողովրդի կողմից ընտրված: Դա կարող է լինել մեկ Ազգային ժողով` երկու պալատով: Կարևորը, որ երկու մարմինն ունենան առաջնային մանդատ, որպեսզի հակասության դեպքում երկիրը կատաստրոֆայի առաջ չկանգնի, չգնա դիկտատուրայի»:

Բագրատյանը հավելեց, որ երկու մարմնին տրվող առաջնային մանդատի սկզբունքի բացակայությունը ճանապարհ է բացում դեպի հավերժ դիկտատորական կարգ. «Դա փակում է ցանկացած տեսակի շանս ժողովրդական քվեի միջոցով փոխել որևէ բան»:

Նրա խոսքով` պառլամենտական հանրապետության մյուս ամենագլխավոր կետն այն է, որ իրավական բոլոր նորմերը կարգավորվում են օրենքներով, ինչին մենք պատրաստ չենք. «Մեզ մոտ ենթաօրենսդրական ակտերը 8-10 անգամ ավելի շատ են, քան օրենքները: Հասկանո՞ւմ եք: Օրինակ` կառավարությունը որոշում չպիտի ընդունի պառլամենտական հանրապետությունում: Ինչ որոշում, որ ընդունում է, պիտի օրենքի ձևով ընդունի: Նախարարությունը նորմատիվային ակտ չպիտի ընդունի: Սրան դուք պատրա՞ստ եք, թե՞ չէ: Սա կնշանակի պառլամենտարիզմ: Եթե դուք սա չեք անում, ապա հանպատրաստից պրեզիդենտին վերացնում եք, դնում եք պառլամենտի վրա, դուք մտցնում եք թայֆայաբազություն, կանխորոշում եք պառլամենտական ընտրությունները, չգիտեմ` թաղի տղերքի, գողականների միջոցով և ստանում եք մի հատ հիմար վիճակ՝ դիկտատորական: Եվ այդ պայմաններում ընդհուպ մինչև ժամանակի ընթացքում կարող է խուժանը գալ իշխանության»:

Բագրատյանի կարծիքով` թեզերը, թե կուսակցությունների դերակատարությունը մեծանալու է, որևէ ձևով արդարացված չեն. «Որովհետև Ազգային ժողովը նոր լիազորություններ չի ստանում, որ ասենք ավելացավ լիազորությունները: Եվ երկրորդն էլ` ընտրությունների կարգը և կուսակցությունների մասնակցության կարգը այնպիսին է, որ բացառվում է էնտեղ ընդդիմության հայտնվելը: Մտցված է կրկնակի ընտրություն և երկրորդ փուլ և կայուն մեծամասնություն հասկացությունը: Սա նշանակում է, որ քաղաքական ընդդիմադիր կուսակցությունների դերը ոչ թե բարձրացվում է, այլ զրոյացվում: Պարզ է` երկու պրոիշխանական ուժ կանցնեն իշխանության, մեկը կհամարվի ընդդիմություն»:

Հրանտ Բագրատյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ` ստորև.