«Յուքոմը» հաստատեց «Օրանժը» գնելու մտադրությունը

ucom«Յուքոմ» (Ucom) ընկերությունը հաստատեց, որ բանակցում է «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնեմասը ձեռք բերելու շուրջ:

Ընկերության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ բանակցություններ են վարվում միջազգային ֆինանսական հաստատությունների ներգրավման ուղղությամբ:

«Հաշվի առնելով համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի զարգացման միտումները՝ «Յուքոմ» ընկերությունը 2013թ. արդեն իսկ ձեռք էր բերել շարժական կապի 4G տեխնոլոգիայով ծառայությունների մատուցման թույլտվություն և 2016-ից պլանավորում է մատուցել բարձրակարգ ծառայություններ LTE սերնդի կապուղիներով:

[…]

«Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունների բանակցությունների դրական ավարտը հնարավորություն կընձեռի պահպանելու և միավորելու «Օրանժ Արմենիա» ընկերության մոտ 500 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ աշխատակազմի ներուժը, ինչպես նաև նորարարական տեխնիկական հզորությունը: Արդյունքում՝ բաժանորնդներին կմատուցվեն գերժամանակակից և որակապես տարբերվող կոնվերգենտ ծառայություններ, ինչպես նաև լրացուցիչ հարմարավետություն՝ մեկտեղելու բազմազան ծառայությունները և օգտվելու հեռահաղորդակցման ծառայությունների ողջ սպեկտրից մեկ վստահելի օպերատորից, ինչի հնարավորությունը մինչ այժմ չի եղել հայաստանյան շուկայում»,- նշված է «Յուքոմի» տարածած հաղորդագրությունում:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Օրանժ Արմենիա» ընկերության բաժնետոմսերի հնարավոր վաճառքի մասին խոսել է նաև այդ ընկերության տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: Tert.am-ի փոխանցմամբ՝ նա, հաստատելով, որ «Օրանժ» խումբը բանակցություններ է սկսել իր հայաստանյան ընկերության բաժնետոմսերը վաճառելու շուրջ, նշել է, թե «բանակցությունները վերաբերում են ոչ թե «Օրանժի» հեռանալուն, այլ ընկերության բաժնետիրոջ փոփոխություն է նախատեսվում»:

***

ՍիվիլՆեթը նախօրեին, վկայակոչելով իր լավատեղյալ աղբյուրները, գրել էր «Յուքոմի» կողմից «Օրանժ Արմենիայի» հնարավոր ձեռքբերման մասին: Սակայն «Յուքոմի» մամուլի ծառայությունում հերքել էին այդ լուրը:

Լայնաշերտ ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և մալուխային հեռուստատեսության ծառայություններ մատուցող «Յուքոմը» բջջային կապի շուկայում ծառայություններ մատուցելու մտադրության մասին հայտնել էր դեռ 2014թ. մայիսին: Ընկերության տնօրեն Հայկ Եսայանը այն ժամանակ հայտարարել էր, թե «առայժմ վաղ է խոսել այն մասին, թե ինչ ծառայություններ և փաթեթներ կառաջարկվեն նոր ծառայության շրջանակում, սակայն գերակա կլինի բջջային ինտերնետի տրամադրումը»: Նա ասել էր, որ բջջային ծառայությունների առևտրային մեկնարկը ծրագրված է ոչ շուտ, քան 2015թ. հունվարի 1-ը։

2015թ. 1-ին եռամսյակի տվյալներով՝ «Օրանժ Արմենիա»-ն կրել է 388 մլն դրամի վնաս, մինչդեռ նույն ժամանակահատվածում նրա մրցակիցներ «ՎիվաՍել-ՄՏՍ» ու «ԱրմենՏել» ընկերություններն ունեցել են շահույթ՝ համապատասխանաբար 4.5 մլրդ դրամ և 645 մլն դրամ:

«Օրանժ Արմենիա»-ն վնասով է աշխատել նաև անցյալ տարի: 2014թ. ֆինանսական հաշվետվության համաձայն՝ այդ տարի ընկերության վնասը կազմել է 4 մլրդ դրամ, իսկ 2013թ. վերջի դրությամբ կուտակած վնասը՝ 12.4 մլրդ դրամ։ Ընկերությունը կուտակած վնասի հիմնական մասը մարել էր լրացուցիչ կանոնադրական կապիտալի հաշվին։

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը պատկանում է ֆրանսիական Orange ընկերությանը (մինչև 2013թ. մայիսը՝ France Telecom, ապրանքանիշը՝ Orange), Հայաստանում բջջային կապի ծառայություններ սկսել է մատուցել 2009թ. նոյեմբերից՝ դառնալով բջջային երրորդ օպերատորը «ԱրմենՏել» և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություններից հետո:

«Յուքոմ» ընկերությունը փոխկապված է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ:

Մեկնաբանել