Հայաստանը բանակցում է ներդրողների հետ նոր միջուկային էներգաբլոկի շուրջ. վարչապետ

12048_am_1Հայաստանը բանակցում է ներդրողների հետ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նպատակով. այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսին:

«Հանրապետության ներկայիս էներգետիկ անվտանգության մակարդակը պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է զարգացնել ատոմային էներգետիկան: Այդ նպատակով մենք ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը 10 տարով երկարաձգելու մասին որոշում ենք կայացրել: Այժմ այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ, ստորագրվել է անհրաժեշտ ֆինանսական համաձայնագիրը, որը վավերացվել է նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից: Միևնույն ժամանակ, շարունակվում են բանակցությունները հնարավոր ներդրողների հետ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ քննարկումների արդյունքում կհնչեն մի շարք օգտակար առաջարկություններ, կներկայացվեն համակարգի զարգացման տարբեր նախագծեր և ուղիներ, որոնց ՀՀ կառավարությունը պատրաստ է ականջալուր լինել:

Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ պատրաստել է մինչև 2036թ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիր: Նա ասել է, որ կառավարությունը հաստատակամ է այս բնագավառում նոր բարեփոխումների իրականացման ու կյանքի կոչման հարցում:

Վարչապետի խոսքով՝ ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրում ներառված են տարբեր հզորությունների զարգացման հնարավորությունները, ներառյալ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների, տարածաշրջանային ինտեգրումն ապահովող ենթակառուցվածքների զարգացումը, օգտագործման ռեսուրսը սպառած էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների վերակառուցումը, էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև էլեկտրամատակարարումների հուսալիությունը բարձրացնող այլ միջոցառումներ: Նա նշել է, որ վերջին տարիներին համակարգը բարդ ֆինանսական վիճակում է, ինչն ունի մի շարք օբյեկտիվ պատճառներ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, գնաճային երևույթները, փոխարժեքի տատանումները, կլիմայական անբարենպաստ պայմանները ֆինանսական խնդիրներ են առաջացրել էներգետիկ համակարգում:

«Մենք իրականացնում ենք համակարգի ֆինանսական առողջացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք իրենց մեջ ներառում են նաև շուկայի կառուցվածքի և սակագների մեթոդաբանության վերանայում»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ էներգետիկ համակարգի բարելավման, ներդրումների արդյունավետության, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացման և կորուստների կրճատման նպատակով իրականացվում են սակագների ձևավորման սկզբունքների և մեխանիզմների արդիականացման և իրատեսական էներգահաշվեկշիռների ապահովման աշխատանքներ:

Միջոցառմանը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և նրա տեղակալ Արեգ Գալստյանը մանրամասն ներկայացրել են Հայաստանի էներգետիկայի բնագավառի երկարաժամկետ զարգացման ծրագիրը և նախատեսվող քայլերը:

Ծրագրի շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային ֆինանսական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք: