Ղարաբաղը սև խավիարը ցանկանում է դարձնել տնտեսության շարժիչ ուժերից մեկը

11777372_872603782789142_1581908459_oԼեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը շվեյցարահայ գործարար, «Արցախ հէկ»-ի խոշոր բաժնետեր Վարդան Սերմաքեշի հետ հուլիսի 21-ին այցելել է Մատաղիսում գործող սև խավիարի արտադրամաս, որը հիմնվել է գործարարի ներդրումով:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, ընկերության պատասխանատուները վարչապետին ու սեփականատիրոջն են ներկայացրել կատարված աշխատանքը և հետագա ծրագրերը: Ըստ նրանց՝ շաբաթներ առաջ տեղադրվել է առաջին ձկնկիթը, մոտ 3 տարի անց վաճառքի կհանվեն ձկան, իսկ 5 տարի հետո` սև խավիարի առաջին խմբաքանակները:

«Կառավարության ուշադրությունը սևեռված է առաջնահերթորեն սահմանամերձ բնակավայրերի զարգացման վրա: Դրա ապացույցներից մեկն այս հավակնոտ ծրագիրն է, որը ոչ միայն ապահովելու է բազմաթիվ աշխատատեղեր հատկապես շրջակա գյուղերի բնակիչների համար, այլև դառնալու է Արցախի տնտեսության շարժիչ ծրագրերից մեկը: Մենք միշտ պատրաստ ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել նմանատիպ ձեռնարկումներին, առավել ևս, որ այն օտարերկրյա ներդրման արդյունք է»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

2014թ. հոկտեմբերին Հարությունյանը Սերմաքեշի հետ ձկնաբուծարան այցի ժամանակ ասել էր, որ առաջիկա տարիներին Արցախը դառնալու է խավիարի խոշոր արտահանող:

Հուլիսի 21-ին ԼՂՀ վարչապետը շվեյցարահայ գործարարի հետ նաև ծանոթացել է Թրղի գետի վրա կառուցված և վերջին օրերին գործարկված «Թրղի-3» 5 մեգավատ հզորությամբ փոքր հէկ-ի պայմաններին:

«Այս նոր փոքր հէկ-ը կհամարեի մեր հերթական ձեռքբերումն Արցախի էներգետիկ ինքնաբավության աստիճանը բարձրացնելու ճանապարհին: Ողջունելի է, որ մասնավոր հատվածը մեծապես ընդգրկված է այդ ռազմավարական գործում: Դրա վառ օրինակը Վարդան Սերմաքեշի նշանակալի մասնակցությունն է «Արցախ հէկ» ԲԲԸ-ում»,- ասել է Արայիկ Հարությունյանը: