Մայր Աթոռը՝ Բաղրամյան 26

Garegin b catholicosԾառուկյանի հերթական եկեղեցու բացման առիթով կաթողիկոս Գարեգին Բ-ն կարգին զայրացրել է մեր քաղաքացիներին։ Սոված եւ չարքաշ ժողովրդի աչքի առաջ շքեղ եկեղեցի սարքելու մասին հարցին կաթողիկոսը պատասխանել է. «Հոգեւոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազորյա հացը մեր ժողովրդի կյանքում»։ Սա կաթողիկոսն ասում է օլիգարխների ներկայությամբ, որոնք ուղղակի նստած են հանապազորյա հացի շնչին։

Ամբողջ Ֆեյսբուքը ծաղրում է այդ մարդուն այլ բառերի համար, որոնք տեսանյութում չկան։ Որովհետեւ ուզում են, որ փիլիսոփայելու փոխարեն կաթողիկոսը լինի ցավակից ու կարեկից։ Ինքը վատ բան չի ասում։ Բայց բացարձակապես հայաստանյան իրականության բան չի ասում։ Ավելին, ինքը դա լրագրողներին չպետք է ասի։ Այլ եկեղեցին սարքողին, Ալեքսանյան Սամվելին, Սերժ Սարգսյանին։ Ինչու՞ չի ասում։ Որովհետեւ եկեղեցին եւ հոգեւոր արժեքը տարբեր, երբեմն նույնիսկ միմյանց հակասող բաներ են։ Եկեղեցին կարող է լինել գրքի մեջ, քարի մեջ եւ մարդու գլխում։ Եկեղեցու արեալը մեծ է։ Եվ միայն մի տեղ կա, որտեղ եկեղեցի չկա։ Հենց այնտեղ, որտեղ երեկ գտնվում էր կաթողիկոսը։

Իսկ հիմա փորձենք հասկանալ ՀՀ քաղաքացուն, որն ուզում է, որ կաթողիկոսը լինի իր կողմից։ Քաղաքացուն էլ պետք է հասկանալ։ Նա դեռ փնտրում է եկեղեցին։ Նա չի ուզում այսօրվա եկեղեցուն նայել այն հայացքով, որով նայում է Մայր Աթոռին, որի շինարարությանը ներկա չի եղել։ Նա ուզում է վկա լինել, որպեսզի կարողանա արժեւորել։ Ինքն իրեն դուրս մղված է տեսնում իր գոյության դաշտում, նույնիսկ իր ձեռքերով կառուցված եկեղեցուց։ Որովհետեւ գիրքը, քարը եւ գլուխն այնտեղ չկա։ Կա փողը։ Սա է, որ կաթողիկոսը շրջանցում է։ 1999-ի հոկտեմբերի 27-ից այս կողմ այդ մարդը ոչ մի վիշտ չի ապրել, ինչու՞ պետք է նա ցավակից լինի։ Վիշտը հենց այն է, ինչը Գաուտամա Սիդհարտային դարձրեց Բուդդա։ Քրիստոսն, օրինակ, վշտի մեր զգացումը չուներ, նա մեռածին կենդանացնում էր, բժշկում էր բորոտին, կույրին դարձնում էր տեսանող։ Քրիստոսի համար անձնական մեկնաբանության ենթակա հարց չկար՝ բոլոր ողբերգություններից սկսվող մարդ էր։ Հրաշքներն սկսվում են, երբ ավարտել ես մարդուն։ Մեր կաթողիկոսը մարդու ավարտուն ընկալում չունի, նա ունի մարդու տեսանկյուն։ Ուստի նման բաներ է ասում։ Ինքն իր վրա վերցրե՞լ է սովածին ու չարքաշին հաց տալու պարտավորություն։ Ոչ, չի վերցրել։ Ինքն ասե՞լ է, որ իր վեհափառության հասցեատերը աղքատն է։ Չի ասել։ Չէր էլ ենթադրվում։ Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսն, օրինակ, ասել է, հենց դրա համար էլ պապական բազում անուններից ընտրել է Ֆրանցիսկոսը։ Գարեգին Բ-ն քաղաքական համակարգի ղեկավար է, որտեղ նույնպես կուշտը սովածին մանր է բրդում։ Դա եկեղեցի է, տղերք, դա Բաղրամյան 26-ի էջմիածնական մոդելն է։ Ինչու՞ եք նստում էդ մարդու շնչին։ Դուք ուզում եք ասել, որ նա պետք է տարբերվի՞ Սերժ Սարգսյանից։ Ամենեւին։

Մեր կաթողիկոսն ունի գույք, բանկային հաշիվ։ ՀՀ քաղաքացին կամավոր հարկի տեսքով ներդրումներ է անում եկեղեցու գոյության ու կայացման մեջ։ Բայց եկեղեցին սոցիալական ինստիտուտ չէ, այլապես հարկահավաքության պարտադիր համակարգ կունենար։ Սովածի եւ չարքաշի մասին հարցի համար նա դեմ է տալիս իր պատը՝ ոչ միայն հացիվ։ Կրկնում եմ, սխալ պատ է։ Բայց ուրիշ տարբերակ չունի, որովհետեւ բանիվը պիտի մեկնակետ ունենա։ Երբ Քրիստոսն ասում է՝ ոչ միայն հացիվ, նկատի ունի, որ փորի գերի մի եղեք։ Հենց դրա համար է Ծառուկյանին թվում, թե եկեղեցի սարքելը «այլ նաեւ բանիվ»-ն է։ Կա՞ մի աղքատ, որը եկեղեցի է կառուցել։ Չկա։ Ինչպես քաղաքական իշխանության մեջ են իրար Ջիփ ու դղյակներ «պաս» տալիս (հիշեք ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի դղյակի պատմությունը), այնպես էլ եկեղեցին է ստվերում տռզածից ընդունում կառույց, փոխարենը մեզ շնորհում, ասենք, «հոգեւորապես» կայացած Գագիկ Ծառուկյան, Աղվան Հովսեփյան, Արա Աբրահամյան, Հովիկ Աբրահամյան եւ այլն։ Ինքն իր կարեւորությունն է սնում եկեղեցին այսպիսի մարդկանց շուրջ պտտվելով։ Որովհետեւ աղքատի աջհամբույրը սրանց տված փողի ածանցյալն է, աղքատը տեսնում է, որ փողը գնում է եկեղեցի, ինքն էլ գնում, համբուրում է նրա ձեռքը, հարձակվում նրա դռների մոտ բաժանվող մատաղի վրա։ Այ էս մատաղն է այսօր մեր կաթողիկոսին դարձնում սոցիալական դոկտրինի ներկայացուցիչ։ Ստացվեց, չէ՞, որ ինքն զբաղվում է աղքատներով։ Իսկ, ներողություն, այդ դեպքում ինչո՞վ պիտի զբաղվի պետությունը։

Նրանք այնքան են սերտաճել «ոչ այս աշխարհի» հաճույքներով, որ դժվար էլ է ասել, թե ով ինչ պետք է անի։ Փաստն այն է, որ այդ սերտաճումով եկեղեցին իր կարեւորությունն է սնում։ Դուք նրանից բովանդակային քրիստոնեությու՞ն եք պահանջում։ Ուզում եք ասել՝ քիչ կեր, խո՞սք ասա։ Չի լինում այդպես։ Կամ պիտի ուտի, կամ պիտի խոսա։ 2003-ից այս կողմ այդ մարդը լրագրողների հետ չի հանդիպել։ Մինչ այդ երկու-երեք ամիսը մեկ Մայր Աթոռում ասուլիսներ էր տալիս։ «Բենթլիի» սկանդալի առաջին օրվանից մինչեւ այսօր նա պարզաբանե՞լ է, թե ինչ է մտածում այդ մասին։ Չի ասել։ Սերժ Սարգսյանը երբեւէ պարզաբանե՞լ է, թե ինչ են արել մեր տնտեսության հետ իր եղբայրն ու փեսան։ Չի պարզաբանել։ Ինչու՞ պետք է կաթողիկոսը իր ինստիտուցիոնալ հոգեւորականության դիրքերից իջնի ու հավատացյալ հային ասի, թե Նավասարդ արքեպիսկոպոսն ինչ գործ ունի եկեղեցում։ Ամբողջ ժողովուրդը Հայաստանից փախչում է։ Մտածե՞լ եք, թե եկեղեցին ինչու չի դատապարտում արտագաղթը։ Որովհետեւ Հայաստանն ամենուր չէ, մինչ Հայ Առաքելական եկեղեցին ամենուր է։ Ինքը ի՞նչ ասի՝ ասի մի փախե՞ք։ Բայց իրենից չեն փախչում։ Փախչողն ուր էլ փախչի, Հայ Առաքելական եկեղեցին այնտեղ կա։ Այսինքն, արտագաղթի արդյունքում եկեղեցին առաքելական հավատացյալ չի կորցնում։ Նրա քարոզչական եւ ֆինանսական արեալը չի կորչում։ Այստեղ փողը տալիս է ստվերային տնտեսությունը, քանի որ ՀՀ քաղաքացին աղքատ է եւ փող չունի, այնտեղ փողը տալիս է աշխատանք ունեցող հայը, որը երդվյալ առաքելական է։

Կաթողիկոսից հոգեւոր ներկայություն պահանջողները պետք է հիշեն, որ այդ մարդը որեւէ համակարգային արժեքի պահպանման երաշխավոր չէ, որ նույնիսկ գրքի հեղինակ չէ, թեպետ բազմաթիվ գրքեր է հովանավորել։ Քաղաքացին նրան կաթողիկոս չի ընտրել։ Քաղաքացին չի կարող նրան հեռացնել կաթողիկոսությունից։ Ինքը ցմահ է։ Եվ իր ցմահության դիրքերից է նայում ժամանակակից Հայաստանին։ Այդ դիրքերից նրան սովը տեսանելի չէ, ինքը կես վայրկյան սոված մնալու սպառնալիքին չի ենթարկվել, նրա աշխատավարձը չեն ուշացրել, նրա հողերի վրա «ապօրինի» շինարարություններ չեն արվել։ Ինքը բողոքելու տեղ չունի իր լիազորությունների իրացումից, ինչին ձեռքը խփել է, հասել է, նա նույնիսկ իր մտադրությունները հրապարակելու կարիք չունի։ Ինքը չի կարող այս պետությանը նայել Հայաստանի Հանրապետության դիրքերից, ինքը կարող է միայն հողին նայել, որտեղ նրա գոյության արեալը երաշխավորված է քաղաքական իշխանությամբ։ Միայն նա կարող է կաթողիկոսին ասել՝ փասա փուսեդ հավաքիր ու հեռացիր։ Քաղաքական իշխանությունը կարող է միայն մի բան անել՝ նրան կտրել հավատացյալից, որը կարող է լինել սոված, անհույս։ Ինչը եւ արել է։ Նրանք միմյանց ծառայություններ են մատուցել եւ շարունակում են մատուցել։ Հայտնի՞ է գոնե մեկ հոգեւորականի ինքնասպանության դեպք Գարեգին Բ-ի պաշտոնավարումից ի վեր։ Ոչ։ Սա ցուցիչ չէ՞։ Նշանակում է՝ եկեղեցին սոցիալական այլ կյանքի երաշխավոր է, բայց հոգեւորականների համար։ Ինչպես բանակն է սոցիալական բարեկեցության երաշխավոր բանակի համար, ինչպես ՀՀԿ-ն է սոցիալական բարեկեցության երաշխավոր Սամվել Ալեքսանյանի եւ Գագիկ Ծառուկյանի համար։ Հետեւաբար, Գարեգին Բ-ն, երբ մասնակցում է Ծառուկյանի եկեղեցու բացմանը եւ ասում, որ «հոգեւոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազորյա հացը մեր ժողովրդի կյանքում», չի ծաղրում սովածին։ Նա պարզապես սովածի մասին չի խոսում։

Մեկնաբանել