Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին այցելել է Քաշաթաղի շրջան և տեղում ծանոթացել Հագարի և Աղավնո գետերի միախառնման տեղում կառուցվող նոր ջրամբարի աշխատանքներին:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, Սահակյանը կարևորել է ջրամբարի նշանակությունը շրջանում գյուղատնտեսության զարգացման գործում` հավելելով, որ դրա շահագործումը կնպաստի ոռոգելի տարածքների ընդլայնմանն ու էլեկտրաէներգիայի արտադրության ավելացմանը:
ԼՂՀ նախագահը երախտագիտություն է հայտնել շվեյցարահայ գործարար, «Արցախ հէկ»-ի խոշոր բաժնետեր Վարդան Սերմաքեշին` նախագծի իրականացմանը գործուն մասնակցություն ունենալու համար:
Բակո Սահակյանը նշել է, որ Քաշաթաղի շրջանն ունի ջրային լուրջ պաշարներ, և այսուհետ էլ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնելու դրանց օգտագործմանը` հետևելով շրջակա միջավայրի պահպանման բոլոր նորմերին:
Այցի ընթացքում ԼՂՀ նախագահին ուղեկցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: