Քաղավիացիայի վարչությունում քննարկվել է ավիատոմսերի գների նվազեցման հարցը

1407163407_40087Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում հուլիսի 22-ին մի շարք պետական մարմինների և Հայաստանում գործող ավիաընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

Ինչպես հաղորդում են քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են ավիատոմսերի սակագների նվազեցման, չվերթները գիշերային ժամերից ցերեկվա ժամերին տեղափոխելու հնարավորությունները:

Առաջին հարցի վերաբերյալ ավիաընկերությունների հայաստանյան ներակայացուցիչները նշել են, որ դրա իրագործումը խնդրահարույց է, սակայն կներկայացնեն իրենց գլխամասային գրասենյակներ առաջարկություն՝ ուսումնասիրել գիշերային ժամերի չվերթները ցերեկային ժամերի տեղափոխելու հնարավորությունները:

Ավիաընկերությունների ներակայացուցիչներին առաջարկվել է ներկայացնել իրենց կողմից սահմանված տոմսերի գները մինչև օգոստոսի վերջ:

Կառավարության հուլիսի 16-ի նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ առաջարկել էր ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան` թե՛ գների, թե՛ ուղղությունների և թե՛ թռիչքների ժամկետների և պայմանների ուղղությամբ: Նա նաև առաջարկել էր բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են կազմակերպում` նշելով, որ թռիչքները կարելի է տեղափոխել նաև առավոտյան ժամերին:

Մեկնաբանել