Բելգիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Belgian_Senate,_BrusselsԲելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 23-ի լիագումար նիստին բացարձակ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է բանաձևի ընդունումը` նշելով, որ այն ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

«Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը:

Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը»,- ասել է Նալբանդյանը:

Ինչպես հաղորդում է Asbarez պարբերականը, բանաձևի ընդունումը ողջունել է նաև Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայության դաշինքի նախագահ Գասպար Կարապետյանը, որը Բելգիայի խորհրդարանի այս քայլը որակել է որպես Թուրքիայի կառավարությանն ուղղված ուղերձ, որ Եվրոպայում կեղծիքն ու ուրացումը տեղ չեն կարող ունենալ, և ուշ թե շուտ Թուքիան պարտավորված պետք է լինի առերեսվել իր պատմությանը և անցեալին:

Մեկնաբանել