ՀԽ-ն դրական է գնահատել «Զվարթնոցի» հին շենքի աշտարակի պահպանման առաջարկը

Zvartnots-International-airportՀանրային խորհուրդը (ՀԽ) դրական է գնահատել ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի (կոնցեսիոներ) նոր առաջարկությունը` պահպանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի կենտրոնական աշտարակը: Ինչպես հաղորդում են ՀԽ մամուլի ծառայությունից, համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 24-ին:

Խորհուրդը միաժամանակ վերահաստատել է, որ կառույցի ամբողջական տեսքի պահպանումը, հատկապես մասնագետների հավաստմամբ, հնարավոր է մասնաշենքի նպատակային օգտագործման և ճարտարապետական արժևորման տեսանկյունից:

ՀԽ-ն որոշել է նաև դիմել կառավարությանը՝ առաջարկելու կոնցեսիոներին «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանման և օգտագործման խնդրի լուծմանը ներգրավել նաև կառույցի հեղինակներին և Հայաստանի անվանի ճարտարապետներին:

Որոշումն ընդունվել է` «արժևորելով վերջին տարիներին «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացմանն ուղղված կոնցեսիոների դրական արդյունքները, ինչպես նաև հին ուղևորային համալիրի պահպանման հարցում հանրության ու մասնագետների պահանջներին ընդառաջելու ձգտումը»:

ՀԽ-ն հիշեցնում է, որ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի առաջարկած՝ «Զվարթնոց» օդանավակայանի առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագրի շրջանակում հին ուղևորային համալիրի քանդման հետ կապված հարցը բացասաբար էր ընդունվել թե՛ Հայաստանի հանրության և թե՛ ճարտարապետների կողմից, որի արդյունքում 2013թ. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը դիմել էր Հանրային խորհուրդ՝ կազմակերպելու հանրային մասնագիտական քննարկումներ խնդրի առնչությամբ:

ՀԽ-ն իր ենթահանձնաժողովներում քննարկել էր հարցը՝ ներգրավելով մասնագետների, Հայաստանի ճարտարապետների միության ներկայացուցիչների, այնուհետև 2013թ. նոյեմբերի 13-ին լիագումար նիստում դեմ էր արտահայտվել քանդմանը՝ կոնցեսիոներին առաջարկելով վերանայել իր ծրագիրը՝ հիմքում ունենալով հին ուղևորային համալիրի պահպանման խնդիրը, քանի որ այն հանդիսանում է մշակութային արժեք և Երևանի խորհրդանիշերից մեկը:

***

«Զվարթնոցի» հին մասնաշենքի քանդման խնդիրը ծագել է այն պատճառով, որ շենքը ֆիզիկապես բավական մաշված է, իսկ այն հիմնովին վերանորոգելու համար, տարբեր գնահատականներով, պահանջվում է $15-20 մլն:

Մեկնաբանել