Ինչպես է վերաբերվում Հայաստանը Սիրիայի ԵՏՄ հեռանկարին

Mfa-3«Եվրասիական տնտեսական միությանը Սիրիայի անդամակցության հնարավորության առկայության պարագայում Հայաստանի դիրքորոշումը կձևավորվի՝ ելնելով մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններից». ՍիվիլՆեթի գրավոր հարցմանը, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը Սիրիայի՝ ԵՏՄ-ին հնարավոր անդամակցության հարցում, պատասխանել են Հայաստանի արտգործնախարարությունից:

Սիրիայի վարչապետը հուլիսի 21-ին ռուսական «Ռիա նովոստի» գործակալությանը հայտարարել էր, որ Սիրիան և Ռուսաստանը բանակցում են Սիրիայի` ԵՏՄ-ին անդամակցության հնարավորության շուրջ:

ՍիվիլՆեթի հարցին, թե արդյոք հայկական կողմը տեղյակ է կամ մասնակցում է ԵՏՄ-ում նոր անդամ ներգրավելու բանակցություններին, ԱԳՆ-ից պատասխանել են. «Հայաստանի Հանրապետությունը, որպես ԵՏՄ լիիրավ անդամ, մասնակցում է միության բոլոր գործընթացներին»:

«Ռիա նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցչի խոսքը, գրել էր, թե ԵՏՄ բոլոր երկրները շատ դրական են վերաբերվում Սիրիայում քաղաքական կայունացումից հետո այդ երկրի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններին:

***

ԵՏՄ-ն սկսել է գործել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանը միության անդամ է հունվարի 2-ից:

Մեկնաբանել