Հայաստանը կարող է դառնալ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցք. ՀՀ-ում Իրանի դեսպան

ambassador of iranԵս կարծում եմ, որ Հայաստանը շատ լավ միջանցք կլինի Պարսից ծոցը Սև ծովին կապելու առումով. հուլիսի 24-ին «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսին այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեյիսին:

Հստակեցնելով, որ խոսքը Իրան-Հայաստան երկաթգծի մասին է, դեսպանն ասաց, որ նախագծի իրականացման համար անհրաժեշտ են ներդրումներ, սակայն լուրջ ներդրող առ այսօր չի գտնվել: Նրա խոսքով` ծրագիրն իրականացնելու համար 3,2 մլրդ դոլար է անհրաժեշտ:

«Հնարավոր է` այդ ուղու կառուցումը ժամանակի առումով մի փոքր երկար տևի, սակայն դուք շատ լավ գիտեք, որ կոմունիկացիաները բավականին լուրջ ազդեցություն ունեն երկրի տնտեսության վրա»,- ասաց Մոհամադ Ռեյիսին:

Նա նշեց, որ Իրանի և Հայաստանի միջև համագործակցության բնագավառները բազմաթիվ են և հիշեցրեց Մեղրիի հէկ-ի, «Հյուսիս-Հարավ» նախագծերի մասին: «Բազմաթիվ նախագծեր են ստորագրվել, սակայն կյանքի չեն կոչվել: Անշուշտ, այդ նախագծերի իրականանացումը բավական դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա»,- ասաց դեսպանը:

Ռեյիսին տեղեկացրեց, որ առաջիկա ամսվա ընթացքում Հայաստան կայցելի Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին` ի պատասխան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` անցյալ տարվա աշնանը Իրան կատարած պաշտոնական այցի: Նա մանրամասնեց, որ այցի օրակարգում լինելու է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման հարցը: «Այդ նախագիծը բավական լուրջ ներդրումների կարիք ունի: Դուք լավ գիտեք, որ Իրանի ֆինանսական կարողությունները դեռևս կալանքի տակ են, և ժամանակ է պետք, որ այդ գումարներն ամբողջովին ազատագրվեն: Ես այն կարծիքին եմ, որ Իրանի նպատակներից մեկն է իրագործել այն նախագծերը, որոնք Հայաստանի հետ ստորագրվել են»,- ասաց Ռեյիսին:

Պատասխանելով Հայաստանի տարածքում նավթազտարան կառուցելու վերաբերյալ տարիներ շարունակ քննարկվող ծրագրի մասին հարցին, դեսպանն ասաց, որ Իրանն իր պատրաստակամությունը հայտնել է այդ նախագիծն իրականացնելու համար: «Պարզապես պետք է գտնել ներդրողներ: Գտնվի ներդրող, կառուցվի նավթազտարանը, և մենք էլ մեր հերթին ապահովենք այդ նավթազտարանի նավթը»,- ասաց նա: