Հակառակորդը ստահոդ լուրեր է տարածում. Արծրուն Հովհաննիսյան

artzrun-hovhannisyanՀուլիսի 24 –ի ժամը 19-ից սկսած՝ հակառակորդը կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը, հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակոցները շարունակվել են ողջ գիշեր: Կրակել են ինչպես մեծ տրամաչափի հրաձգային զենքերից, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետերից: Ընդհանուր առմամբ , խախտումների քանակը գերազանցում է 160-ը: Հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել ըստ անհրաժեշտության և հակառակորդին պատճառել կորուստներ ու վնասներ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այժմ սահմանին հարաբերական անդորր է:Ի դեպ, ադրբեջանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է՝ ստահոդ լուրեր է տարածում սահմանային իրավիճակի մասին: Հորդորում ենք չտրվել նման սադրանքներին և հիմնվել միայն հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության վրա: Մենք ադրբեջանական քարոզչության մասին ավելի մեծ կարծիք ունեինք»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել է, որ վերջին օրերին հակառակորդը ինտենսիվորեն խախտում է զինադադարը:

«Ես կհորդորեի, որ մեր հակառակորդները այս պահին, երբ մենք բոլորս ցանկանում ենք, որ հանդիպումներ լինեն, բանակցային գործընթացը կառուցողական ընթացք ստանա, զերծ մնալ հռետորաբանությունից, զերծ մնալ տարբեր տիպի, կարելի է ասել, անկապ խոսակցություններից՝ էս կանենք, էն կանենք, քարը քարի վրա չենք թողնի․․․ Քարը քարի վրա չթողնողը երևի թե Արցախյան ազատամարտի ժամանակ ամեն ինչ կթողներ և կգար պաշտպաներ իր հայրենիքը»,- ասել է Օհանյանը:

Մեկնաբանել