Թուրքիան ՆԱՏՕ-ի շտապ հանդիպում է հրավիրում

51560ՆԱՏՕ-ի խորհուրդը՝ դեսպանների մակարդակով, կհավաքվի Թուրքիայի խնդրանքով, հաղորդում է Reuters-ը:

Թուրքիան ՆԱՏՕ-ի շտապ հանդիպում է հայցել Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որը նախատեսում է նման հանդիպման հնարավորություն, երբ սպառնալիք կա երկրի տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը կամ քաղաքական անկախությանը:

Հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին: Կքննարկվեն Թուրքիայի գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, ինչպես նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության անջատողականների դեմ:

Հուլիսի 22-ին Թուրքիան ԱՄՆ ռազմաօդային ուժերին թույլատրել է օգտագործել իր ավիաբազաները Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին հարվածելու համար: Անկարան այս համաձայնությունը տվել է թուրքական Սուրուչ քաղաքում (Սիրիայի սահմանի մոտ) հուլիսի 20-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որին զոհ գնաց 32 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետությունը»: Մինչ այդ Թուրքիան, չնայած ԱՄՆ-ի բազմաթիվ խնդրանքներին, հրաժարվում էր աջակցել «Իսլամական պետության» դեմ կռվող միջազգային կոալիցիային:

Հուլիսի 23-ին թուրքական օդուժը ինքնուրույն հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին: Թուրքական օդուժը զուգահեռ հարվածներ է հասցրել նաև քուրդ անջատողականներին՝ վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ: Ի պատասխան, Թուրքիայի քրդերը հայտարարել են, որ հրաժարվում են 2009թ. իրենց կողմից միակողմանիորեն հայտարարված զինադադարից:

Մեկնաբանել