Հայ-վրացական երեք մաքսային անցակետերում կներդրվի $70 մլն

Hovik Abrahamyan at BagratashenՎրաստանի հետ Հայաստանի սահմանադռների՝ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերի արդիականացման ծրագրի համար կներդրվի 70 մլն դոլար. այս մասին ասվում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում: Մաքսակետերի արդիականացման ծրագիրն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի գրասենյակի և միջազգային այլ կառուցների հետ համագործակցությամբ:

Հուլիսի 27-ին Վրաստան կատարելիք աշխատանքային այցից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կանգ է առել «Բագրատաշեն» սահմանային անցակետում, ծանոթացել կատարվող շինաշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այժմ ընթացքի մեջ են Բագրատաշենի անցակետի հինգ մասնաշենքերի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքները: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքների մեծ մասն արդեն իսկ կատարվել է, ակնկալվում է, որ նորակառույց անցակետը շահագործման կհանձնվի 2016թ. մարտին:Վարչապետին է ներկայացվել նաև Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր՝ «Բարեկամության» կամրջի կառուցման ընթացքը: Նախատեսվում է այս տարվա ընթացքում հայտարարել շինաշխատանքների կազմակերպման մրցույթը: Ակնկալվում է, որ կամուրջը կնպաստի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը:Սահմանային անցակետերի արդիականացման ծրագրով նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի ժամանակակից ենթակառուցվածքներ, հեշտացնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների օրինական շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները: