Լրագրողների «Իսլամական պետությունը»

vladimir hakobyan s Իր մամուլի քարտուղարին ԿԳԲ-ից բերելով` Սերժ Սարգսյանը հրապարակային դարձրեց Հայաստանում լրատվամիջոցներին ոչնչացնելու յոթ տարվա քաղաքականությունը, որը սակայն սկսվել է 2002թ. ապրիլին։

Իր մամուլի քարտուղարին ԿԳԲ-ից բերելով` Սերժ Սարգսյանը հրապարակային դարձրեց Հայաստանում լրատվամիջոցներին ոչնչացնելու յոթ տարվա քաղաքականությունը, որը սակայն սկսվել է 2002թ. ապրիլին։ Նշանակվել է մեկը, որին ուղղված ցանկացած հարցին որպես պատասխան ամենաշատը սազում է՝ հրապարակման ենթակա չէ։ Հետևաբար, կրկեսի չվերածվելիք Հայրենիքում լրագրողն այսօր միայն մեկ առաքելություն ունի՝ կապվել այդ տղայի հետ ու հարցնել՝ դուք մեզ ոչինչ չունե՞ք ասելու։ Որպեսզի հիշի, որ ինքը ոչ թե մամուլի քարտուղար է, այլ ԿԳԲ-ի աշխատող։ Որպեսզի հիշի, որ ապագայում իր կերպարով է ծաղրվելու խոսքի ազատությունը։ Ինքը միշտ պետք է հիշի, որ ԿԳԲ-ն մի լուծույթ է, որով ամեն ինչ դառնում է ԿԳԲ։

Ո՞վ է կասկածում, որ նրան ՀՀԿ ղեկավարը չի նշանակել, որպեսզի այս տղան իր ասելիքը թաքցնի «Պանարմենիան Մեդիա Հոլդինգ»-ից, կամ ասենք, «Կենտրոն»-ից ու «Երկիր Մեդիա»-ից։ Այս տղային նշանակել է, որպեսզի Փեսայի «լրատվական» դաշտում չտեղավորվողները հասկանան՝ մութ է լինելու։ Նրան նշանակել է, որովհետև ի՞նչ տարբերություն՝ մամուլի քարտուղա՞ր, թե՞ օպերատիվ հավաքագրող։ Եվ նույնիսկ այս նշանակումը այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը մեր թիկունքում արեց։ Ինքը, որպես ԱԱԾ հավերժ կադր հասունացրել էր այս նշանակումը Ֆարմանյան Սամվելով ու Արման Սաղաթելյանով։ Չէ՞ որ այս տղաներն էլ ոչ մի օր չաշխատեցին որևէ լրատվամիջոցի հետ։ Հետո դուրս գալուց շնորհակալություն հայտնեցին լրատվամիջոցներին համատեղ աշխատանքի համար։ Սերժ Սարգսյանն այդ տղային նշանակեց, որպեսզի սպառիչ երևութականության հասցնի իր խիստ շոշափելի անձը։ Որպեսզի այնքան երևութականացնի հարկատուի փողերով պաշտոնավարողին, զբոսնողին և արտերկիր արձակուրդ մեկնողին, որ միայն նրա «երկինքը» տեսնենք, ոչ թե՝ նրան։ Փաստ է, չէ՞, եթե էդ մարդը՝ ՀՀ նախագահի աթոռին նստածը, իր ոչ մի բառի համար ոչ անձամբ է հաշիվ տալիս, ոչ մամուլի քարտուղարի միջոցով, ուրեմն նա ոչ թե մամուլի քարտուղար է նշանակել, այլ նախագահի աթոռը սարքել է Աստծո գահ։ Իսկ Աստված,- պիտի որ այդպես լինի,- հարկատուից վեր է։

Այսպիսով, Սերժ Սարգսյանն իր ընտրյալությունը սկսում է տարանջատել ընտրողից։ Իրեն վերաբերող ընտրող չկա։ Կա միայն մյուսներին վերաբող ընտրող, ինքն ընտրյալ է, «Աստծո գահի գահակալ»։ Այսինքն, ընտրողն արդեն պետք է ընտրի մնացածին՝ Ծառուկյան Գագոյին, Ալեքսանյան Սամվելին, Աբրահամյան Հովիկին։ Վատիկանի մեր բաժին աթոռն այսպես է ամփոփում 2002թ. ապրիլից սկսածը, որի անխուսափելի, նույնիսկ «անհրաժեշտ» «տրանզիտը» մարտի 1-ի 10 սպանությունն էր։ Սերժ Սարգսյանից այսօր ուզում են ստանալ Պապի և Խանի մի խառնուրդ, այսինքն, Պախան։ Եվ իրենց քայլը նրանք հասցրեցին շատ տրամաբանական հանգրվանի։ Սահմանադրական փոփոխությունները հաջորդ քայլն են պետության մակարդակով, սակայն լրատվամիջոցների մասով նրանք դեռ ամեն ինչ չեն ավարտել։

Ըստ իս, լրագրողները չպետք է տարակուսեն, որ դժվար է լինելու Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի հետ։ Դժվար չի լինելու։ Ինքն ընդհանրապես չի աշխատելու։ Ավելի ճիշտ, թարս է աշխատելու։ Շարունակելու է օպերատիվ հավաքագրումը նրանց, ովքեր դեռ լրագրող են։ Նրա համար մամուլի քարտուղարի աթոռը երկնային պարգև չէ, ինչպիսին էր Սաղաթելյան Արմանի կամ ֆարմանյան Սամվելի համար։ Նա եկել է փակելու «երկինքը»։ Այսինքն, մեծացնելու «երկնքի» և լրագրողների միջև ընկած տարածությունը, եկել է ջնջելու «երկնքի» հասցեն։ Այս նշանակումով Սերժ Սարգսյանն ամրագրում է, որ Հայաստանում փակված է լրագրողներին մարդատեղ դնելու էջը։ Սա քաղաքական գործչին՝ Գագիկ Ծառուկյանին, քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հաջորդ փուլն է։ Մյուս փուլն Ազգային ժողովում է լինելու, երբ, իրենց կարծիքով, կմարսեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Այս նշանակումով Սերժ Սարգսյանը լրագրողներին հայտարարում է մասնագիտական պարտքից դուրս։ Հավանաբար, Միքայել Մինասյանի «լրատվական» էքսպանսիան հենց դրա համար էր՝ դու նրանց հավաքում ես քո բուռը, նրանք նայում են միայն քո ձեռքին, նայում են այնքան, մինչև հասկանում են, որ այդ ձեռքն այլընտրանք չունի։ Միքայել Մինասյանը մեր լրագրողների «Իսլամական պետությունն» է՝ մտար՝ կամ մահապարտ ես, կամ՝ մարդասպան։ Ինչն ի վերջո նույն բանն է։ Այլ խոսքով, լրագրողները քաղաքացիազերծվում են։ Եվ զբաղվում են քաղաքացի ոչնչացնելով. այդ աշխատանքը մենք տեսանք «Ոչ թալանին»-ի շարժման օրերին։ Այդ աշխատանքը մենք տեսնում ենք քրեական պատմություններ ներկայացնելիս, որոնցում զրոյացված է անմեղության կանխավարկածը։ Այդ աշխատանքը մենք տեսանք «Կենտրոն»-ի հետ կապված, երբ Սերժ Սարգսյանին ոչնչացնող լրագրողները փետրվարի 17-ից հետո սկսեցին ուղիղ հակառակ բնույթի ռեպորտաժներ անել։ Այդ աշխատանքը մենք տեսնում ենք «Արմքոմեդիի» տղաների պահվածքում՝ կարծես թե հումոր էին անում, իսկ հիմա ելակետ ունեն՝ մեր տունը գիտե՞ք որտեղ է՝ Ամերիկայում։ Գլխավորն արված է՝ լրագրող լինելու կարիք չկա։ Հիմա մյուս՝ վերջին, փուլն է՝ մարդ լինելու կարիք էլ չկա։

Մեկնաբանել