Վրաստանում օգոստոսի 1-ից թանկանում է էլեկտրաէներգիան

irakli gharibashvili Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագինը տարածաշրջանում ամենացածրերից է, և այդպիսին կմնա չնայած որոշակի բարձրացմանը:

Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգարվորման ազգային հանձնաժողովի որոշմամբ՝ օգոստոսի 1-ից Վրաստանի շրջաններում Energo-Pro Georgia ընկերության բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 3.95 տետրիով (մոտ 8.4 դրամ) 1 կՎտժ-ի համար: Իրենց կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտեր են ներկայացրել նաև «Տելասի» ընկերությունը և «Կախեթիի դիստրիբուցիոն ընկերությունը», որը սնանկության ռեժիմի մեջ է:

Հուլիսի 27-ին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագինը տարածաշրջանում ամենացածրերից է, և այդպիսին կմնա չնայած որոշակի բարձրացմանը:

Ղարիբաշվիլին նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը, որն ընդունվել էր շրջանների համար, կվերաբերի նաև մայրաքաղաք Թբիլիսիին:

«Եթե կարգավորող հանձնաժողովը սակագնի բարձրացման որոշում չընդուներ, ընկերությունները չէին կարողանա կանոնավոր ռեժիմով ապահովել բնակչության էլեկտրամատակարարումը: Ենթադրվում է, որ սակագինը կբարձրանա նաև Թբիլիսիում»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետը հիշեցրել է, որ երեք տարվա ընթացքում՝ «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո, երկրում հնարավոր է եղել էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնել մոտ 4 տետրիով: Այն ժամանակ այդ որոշման նախաձեռնողը նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին էր:

«Նման քայլ Վրաստանի որևէ կառավարություն չէր ձեռնարկել: Այդ որոշման ընթացքում Վրաստանի բնակչությունը խնայել է 150 միլիոն լարի»,- ասել է Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ այսօր իրադրությունը փոխվել է ոչ միայն Վրաստանում, այլև տարածաշրջանում, և սակագնի բարձրացումն անխուսափելի էր:

Վրաստանում գործող էլեկտրաէներգիայի սակագները աստիճանային են: Մասնավորապես, ընդհանուր օգտագործման հաշվիչներով 0-100 կՎտժ բաժանորդների համար սակագինը 7.630 տետրի է (մոտ 16.2 դրամ); 101-300 կՎտժ օգտագործողների համար՝ 11 տետրի (մոտ 23.3 դրամ); 301 կՎտժ-ի ավելի օգտագործողների համար՝ 14.83 տետրի (մոտ 31.5 դրամ): Օգոստոսի 1-ից գործող սակագինը համապատասխանաբար կլինի 10.978 տետրի (մոտ 23.3 դրամ), 14.348 տետրի (մոտ 30.4 դրամ) և 18.178 տետրի (մոտ 38.5 դրամ):

***

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից դառնում է 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Երևանում և Հայաստանի մյուս վայրերում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կսուբսիդավորվի, և բնակիչները չեն վճարի թանկացման համար:

Մեկնաբանել