ՀԾԿՀ-ն հրավեր է ուղարկելու 5 խոշոր խորհրդատվականների

Լուսանկարում՝ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: Լուսանկարում՝ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման հրավեր է ուղարկելու հինգ խոշոր ընկերությունների:

ՀԾԿՀ-ն խորհրդատվական ընկերություններին հրավերը պայմանավորում է հունիսի 27-ին ՀՀ նախագահի՝ տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հանդիպմանը առաջ քաշած խնդրով, որ պետք է «բարձրացնել հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրության վստահությունն ու բացառել էլեկտրաէներգետիկական համակարգում 2015թ. սակագների սահմանման գործընթացի հիմնավորվածության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները»:

Խորհրդատվական ընկերություններից ստացված առաջարկները կներկայացվեն կառավարության աշխատակազմին:

«Էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման հիմնական նպատակներն են ստանալ հիմնավորված պատասխաններ հետևյալ երկու կարևորագույն հարցերին.

ա) ինչքանով էր հիմնավորված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը,

բ) սակագնի չբարձրացման դեպքում ի՞նչ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին»,- նշված է հաղորդագրությունում:

Ըստ ՀԾԿՀ-ի՝ խորհրդատուն նախ պետք է իրականացնի էներգետիկ համակարգի գործառնական վերլուծություն, ներառյալ` արտադրողից մինչև սպառող գնագոյացման արժեշղթայի ուսումնասիրություն, սակագնի կառուցվածքի հիմնական բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև՝ շուկայի տատանումների ու մյուս գործոնների նկատմամբ դրանց զգայունության ընդհանուր նկարագրի ներկայացում և ստեղծված իրավիճակի ներքո սակագների չբարձրացման հետևանքների գնահատում:Այնուհետ, խորհրդատուն իրականացնելու է սակագների նվազեցումների որոշ տարբերակների խորքային դիտարկումը՝ համեմատելով միջազգային և տարածաշրջանային համապատասխան գործելակերպերը և առաջարկելով կարճ ժամանակահատվածում առավել մեծ ազդեցություն ունեցող առաջնահերթ գործողությունների ցանկ։

«Նշված երկու փուլերի ավարտից հետո, հաշվի առնելով 2016-2036 թթ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագրի շուրջ քննարկումների զարգացումը և այդ խորհրդատվության արդյունքները կապակցելու անհրաժեշտությունը, հնարավոր է, որ խորհդատուն ներգրավվի երկարաժամկետ ռազմավարական զարգացման ծրագրի հետագա մշակման և դրա շուրջ խորհրդատվության տրամադրման աշխատանքներում»,- ասված է ՀԾԿՀ հաղորդագրությունում:

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: Երևանում և ամբողջ Հայաստանում սկիզբ առած բողոքի ցույցերի արդյունքում կառավարությունը հայտարարեց, որ 7 դրամ թանկացման համար բնակիչները չեն վճարելու, և կառավարությունը դա փոխհատուցելու է այլ միջոցներից: Մինչ այժմ կառավարությունը չի բացահայտել, թե ինչ միջոցներից է փոխհատուցելու թանկացումը: