Fitch-ը Հայաստանում 1.5 տոկոս աճ է կանխատեսում 2015թ.

FitchFitch միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով և ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «B+» մակարդակում: Կանխատեսումը «կայուն» է, ասված է ընկերության հաղորդագրությունում:

Fitch-ը 2015թ. Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 1.5 տոկոս աճ, մինչդեռ փետրվարին կանխատեսում էր 0.5 տոկոս անկում: Վարկանշային ընկերությունը Հայաստանի բյուջեի վիճակը գնահատում է համեմատաբար կայուն: Fitch-ի մասնագետները Հայաստանում 2016թ. ակնկալում են ՀՆԱ-ի 2.5 տոկոս աճ, իսկ 2017թ.՝ 2.9 տոկոս աճ:

Տնտեսության թուլացման պատճառով բյուջեի պակասուրդը սպասվում է ՀՆԱ-ի 3.5 տոկոսի սահմաններում՝ ծրագրված 2.3 տոկոսի փոխարեն:

Fitch-ը փետրվարին մեկ աստիճանով իջեցրել էր Հայաստանի վարկանիշը՝ մատնանշելով առևտրային հաշվեկշռի մեծացող պակասուրդը, որի պատճառը դրսում աշխատող քաղաքացիների դրամական փոխանցումների, ինչպես նաև արտահանման կրճատումն է դեպի Ռուսաստան: Մասնավոր դրամական փոխանցումները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 13 տոկոսը: 2015թ. հինգ ամիսների ընթացքում 40 տոկոսով կրճատվել են դեպի Հայաստան եկող դրամական փոխանցումները:

***

Հայաստանի 2015թ. պետական բյուջեի հիմքում դրված է 4.1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2015թ. ակնկալվում է 1 տոկոս աճ:

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հունիսին 2015թ. համար Հայաստանում կանխատեսել է 0 տոկոս աճ: