Հայաստանը թրաֆիքինգի զոհերի պաշտպանության առաջատարն է

human_traffickingՄիացյալ Նահանգների պետքարտուղարության կողմից հրապարակված զեկույցի համաձայն, Հայաստանը մարդկանց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության հարցում աշխարհի 31 առաջադեմ երկրներից մեկն է, հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

Ըստ զեկույցի, Հայաստանի Հանրապետությունը նախկին Խորհրդային Միության երկրներից միակն է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ միասին պատկանում է մարդկանց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության առաջին դասի երկրներին: Ներկայացնելով զեկույցը, պետքարտուղար Ջոն Քերրին ընդգծել է թրաֆիքինգի դեմ պայքարի կենսական նշանակությունն ամբողջ աշխարհի համար.

«Սա պայքար է փողի դեմ, պայքար՝ չարիքի դեմ, անընդունելի է, որ 2015 թվականին մենք դեռևս հանդիպում ենք մեր օրերի ստրկության դեպքերին»

Նշենք, որ զեկույցի համաձայն Հայաստանը թեև կատարել է թրաֆիքինգի վերացման բոլոր պահանջները, այնուամենայնիվ, խնդիրը կարգավորված չի կարող համարվել: Մասնավորապես, անցած տարվա ընթացքում հանրապետությունում վատթարացել է սեռական թրաֆիքինգի խնդիրը: Այսպես, Հայաստանից կանայք և աղջիկներ են ապօրինի տեղափոխվել Արաբական Միացյալ Էմիրություններ և Թուրքիա, մինչդեռ Հայաստանում գրանցվել են Չինաստանից կանանց թրաֆիքինգի դեպքեր: Գրանցվել են նաև Ռուսաստանի Դաշնությունում հայ տղամարդկանց բռնի աշխատացնելու դեպքեր: Հանրապետության գյուղական շրջաններում բնակվող մարդիկ խոցելի են մնում թրաֆիքինգի վտանգի առջև, նշված է զեկույցում:

Անդրադառնալով աշխարհով մեկ թրաֆիքինգի վտանգին՝ Ջոն Քերրին կոչ է արել այդ չարիքի դեմ մղվող պատերազմին միանալ ինչպես ամբողջ աշխարհի պետական կառույցներին, այդպես էլ՝ հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին.

«Դա մի պատերազմ է, որը մենք պարտավոր ենք հաղթել: Դա մեր օրերի մարդու իրավունքների դեմ հսկայական մարտահրավեր է»:

Զեկույցի ներկայացման վերջում պետքարտուղար Քերրին ընդգծել է, որ թեև փողը կարող է շատ բաներ գնել, սակայն այլևս երբեք դրանով չպետք է հնարավոր լինի գնել մարդու:

Մեկնաբանել