Ռիո դե Ժանեյրոյի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմությունը

Պարանայից, Սեարայի և Սան Պաոլոյից հետո Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայի չորրորդ նահանգն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:  Պարանայից, Սեարայի և Սան Պաոլոյից հետո Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայի չորրորդ նահանգն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Արգենտինական Agencia Prensa Armenia թերթը ներկայացրել է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիաշատակի օր դարձնելու պատմությունը:

Հուլիսի 21-ին Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆեռնանդո Պեսաոյի (Luiz Fernando Pezão) ստորագրումից հետո ուժի մեջ մտավ  7046/2015 օրենքը, որը ներկայացվել էր պատգամավոր, Ռիո դե Ժանեյրոյի խորհրդարանի նախագահ Խորխե Պիսիանիի (Jorge Picciani) կողմից: Օրենքը Ռիո դե Ժանեյրոյի պաշտոնական օրացույցում ապրիլի 24-ը սահմանում է «Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակման օր»:

Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայի չորրորդ նահանգն է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ Պարանա, Սեարա և Սան Պաոլո նահանգներից հետո: Ամիսներ առաջ Բրազիլիայի Սենատն իր համերաշխությունը հայտնեց հայ ժողովրդին` մարդկության դեմ կատարված հանցագործության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Բրազիլիայի Հայ դատի գրասենյակի Քաղաքականության և միջազգային հարաբերությունների հարցերով տնօրեն Ջեյմս Օնիկ Թամջյանը Agencia Prensa Armenia-ին ասել է, որ Սան Պաոլոյի և Օզասկոյի հայ համայնքները միշտ առանցքային դեր են խաղացել տեղական իշխանությունների` հայկական պահանջատիրության օգտին հայտարարություններ անելու հարցում:

«Սան Պաոլո նահանգի մյուս հայկական համայնքներում, օրինակ` Սան Ժոզե դու Ռիու Պրետուում, տեղական օրենդրություններում կան համերաշխության հայտարարություններ հայ ժողովրդի հետ: Հայ ընտանիքների ներկայությունը մյուս նահանգներում, ինչպիսիք են Սեարան ու Պարանան, ևս կարևոր դեր են խաղացել, որ քաղաքական առաջնորդները միանան մեր դատին»,- ասել է Թամջյանը՝ խոսելով Բրազիլիայի Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

«Ռիո դե Ժանեյրոյի դեպքում նախաձեռնությունը եկավ Ֆրենսիս Պողոսյանի (Francis Bogossian) կողմից (Ճարտարագիտական ակումբ), ով Ցեղասպանությունը վերապրած Հակոբ Պողոսյանի որդին է: Հակոբ Պողոսյանն այդ քաղաքի հայ համայնքի ակտիվ անդամ է եղել, քաղաք, որը տասնամյակներ շարունակ պայքարել է Հայոց պատմության պահպանման համար»,- ավելացրել է նա:

Ճարտարագիտական ակումբը (Clube de Engenharia) հիմնադրվել է 1880թ. և այժմ աշխատում է որպես հետազոտական կենտրոն: Մայիսի 22-ին Ֆրենսիս Պողոսյանը պաշտոնական նամակ էր ուղարկել արտաքին գործերի նախարար Մաուրո Լուիս Վիեյրային, փոխանցելով հայկական հարցի աջակցման վերաբերյալ ակումբի խորհրդի դիրքորոշումը` կոչ անելով Բրազիլիային պաշտոնապես ճանաչել հայ ժողովրդի սպանդը որպես ցեղասպանություն:

Պատգամավոր Խորխե Պիսիանին հունվարին ներկայացրեց նախագիծը, որը հավանության արժանացավ  նախորդ շաբաթ: Պիսիանիի բանաձևում նշվում է. «1915 թ. ապրիլի 24-ին տասնյակ հայ մտավորականներ ձերբակալվեցին ու սպանվեցին Ստամբուլում: Կոտորածի  նպատակն էր ոչնչացնել հայ ժողովրդին: Այն ուղեկցվեց դաժանություններով ու հարկադիր տեղահանումներով, որոնք հաճախ մահվան էին հանգեցնում»:

«Ավելի քան քսան երկիր ճանաչել է հայոց ցեղասպանությունը, սակայն թուրքական կառավարությունը հերքում է, որ մահերը դիտավորյալ էին»,- եզրափակում է բանաձևը: