Կառավարությանը ձեռնտու չէ «Նաիրիտի» սնանկացումը

yervand zakharyanՀայաստանի կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ «Նաիրիտ գործարանի» սնանկացումը, որովհետև դա իր հետ բերելու է միլիոնավոր դոլարների լրացուցիչ ծախսեր՝ անվտանգության, վնասազերծման, գործարանի լուծարման հետ կապված. այս մասին այսօր հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ Ազգային ժողովում հրավիրված քննարկմանը:

Ազգային ժողովում հրավիրվել էր քննարկում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ: Ուսումնասիրություններն իրականացրել է Jacobs Consultancy ընկերությունը, ամփոփել՝ Համաշխարհային բանկը:

Նախարարը նշեց, որ 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ «Նաիրիտի» պարտքերն արդեն կազմում են 126 մլրդ դրամ, այդ թվում՝ «Միջպետական բանկին»՝ 79 մլրդ դրամ, Երևանի ՋԷԿ-ին՝ 23 մլրդ, ՀԷՑ-ին՝ 1.2 մլրդ, «Գազպրոմ Արմենիային»՝ 1.3 մլրդ: Աշխատավարձերի մասով գործարանի պարտքը 5.4 մլրդ դրամ է, բյուջեի նկատմամբ պարտավորությունները՝ մոտ 10 մլրդ:

Զախարյանը հայտարարեց, որ ներկա կոնյունկտուրայի պայմաններում շարունակել արտադրությունը ուղղակի ինքնասպանություն էր, բայց սեփականատերը շարունակել է գործունեությունը՝ ներգրավելով վարկեր և կուտակելով մեծածավալ պարտքեր՝ կործանելով իրեն և կործանման եզրին հասցնելով էներգետիկ մյուս ընկերություններին, առաջին հերթին՝ Երևանի ՋԷԿ-ին:

Երվան Զախարյանի խոսքով՝ նոր ստեղծված իրավիճակում գործարանը կա՛մ պետք է վերագործարկվի՝ վստահելի ներդրողների միջոցով, կա՛մ պետք է լուծարվի:

«Այնպես որ, այն կարծիքը, թե կառավարությունը գործարանը տանում է լուծարման, ուզում եմ պատասխանատու հայտարարել, որ դա բոլորովին այդպես չէ: Կառավարուոյթւոնը կողմ է և ամեն ինչ անում է, որ գործարանը վերագործարկվի»,- ասաց Զախարյանը:

Նախարարն ընդգծեց, որ կառավարությունն ինքն էր դիմել ՀԲ-ին՝ ուսումնասիրությւոն անցկացնելու խնդրանքով՝ հաշվի առնելով «Նաիրիտի» խնդրի սոցիալական մեծ նշանակությունը, և« գործարանի ապագայի հետ կապված ՀԲ-ի եզրակացությունը համահունչ է գործարանի անցյալի հետ»:

«Միջպետական բանկը» իրավունքները զիջում է ՀՀ կառավարությանը

«Նաիրիտի» սեփականատերը՝ Rhinoville Property Limited ընկերությունը, լքել է «Նաիրիտը», գույքը գրավադրվել է «Միջպետական բանկին»: Երվանդ Զախարյանի խոսքով՝ երկար բանակցությունների արդյունքում հաջողվել է միջկառավարական մակարդակով բանկի հետ համաձայնության հասնել, որ նա Rhinoville-ի նկատմամբ իր իրավունքները զիջի ՀՀ կառավարությանը:

«Գործընթացը կավարտվի մոտ ժամանակներում, և մենք հնարավորություն կունենանք տիրապետելու գործարանի ակտիվներին: Մինչ այդ կառավարությունը հայտարարել էր և անցած ուրբաթ օրվանից սկսել է աշխատավարձերի վճարումները՝ պայմանավորված 2014թ. դեկտեմբերին ընկերության խորհրդի որոշումներով՝ 2015թ. փետրվարից կրճատելու աշխատողների քանակը՝ թողնելով 475 հոգի»,- ասաց Երվանդ Զախարյանը:

Նախարարը շեշտեց, որ կառավարության դիրքորոշումն է ճանապարհներ փնտրել գործարանի վերագործարկման համար, և պատրաստ են լսել ցանկացած առաջարկ և ցանկացած ներդրողի:

«Կառավարությունը պատրաստ է այն պարտքերը, որ գործարանն ունի՝ մոտ 120 մլրդ,- գիտեք որ աշխատավարձերը վճարել ենք, – մնացած մասով գնա սառեցման և հնարավորություն ստեղծի ներդրողների համար համապատասխան ներդրումներ կատարել վերագործարկման համար»,- ասաց նա՝ հավելելով, որ գործարանի վերագործարկումն իր հետ բերում է սարսափելի մեծ ծախսեր, որին կառավարությունը պատրաստ չէ:

«Սա տրիկոտաժի ֆաբրիկա կամ կաթի գործարան չէ, սա քիմիական գործարան է՝ իր բոլոր բարդություններով, անվտանգության խնդիրներով, և լուրջ բարդություն է ներկայացնում անգամ սնանկացման դեպքում»:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նկատեց, որ ՀԲ-ի ուսումնասիրությունում նշված է, որ «Նաիրտի» վերագործարկումը հեռանկարային չէ և արտադրանքը համաշխարհային շուկայում մրցունակ չէ, և դա խոշոր հաշվով նշանակում է, որ գործարանը պետք է փակել: «Նրանք հավանաբար հաշվի չեն առել, որ «Նաիրիտը» մեր տնտեսության համար կարևոր է: Ձեր ասածները հակասում են ՀԲ-ի եզրակացությունը»,- ասաց Ֆարմանյանը:

Զախարյանը պատասխանեց, որ եթե ՀԲ-ի ուսումասնաիրության մեջ կա առաջարկ, որ «Նաիրիտը» պետք է փակվի, ինքը դո ոչ ուզում է պաշտպանել, ոչ էլ չպաշտպանել: «Սա ներկայացված է ձեզ ձեր գնահատականի համար: Մենք սրա վերաբերյալ վերջնական գնահատական չունենք»,- ասաց նախարարը:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ հիշեց «Նաիրիտի» և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված պատմությունները: Վկայակոչելով «Նաիրիտի» նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանի հայտարարությունը, որ «Նաիրիտը» թալանվել է նախկին վարչապետի կողմից, և որ գործարանում մոտ 150 մլն դոլարի ջարդոն կա՝ Զոհրաբյանը մեկնաբանություն խնդրեց նախարարից:

«Նախկին վարչապետի հետ կապված և գործարանի նախկին աշխատանքների հետ կապված ես որևէ մեկնաբանություն չունեմ և որևէ փաստ չունեմ»,- հայտարարեց Երվանդ Զախարյանը:

Զոհրաբյանի մյուս հարցին, թե արդյոք որևէ ներդրող հետաքրքրված է «Նաիրիտով», Զախարյանը պատասխանեց, որ որպես նախարար իր մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում որևէ պոտենցիալ ներդրող իրենց չի դիմել:

«Շանսի Նաիրիտը» նույնպես վնասով է

Ազգային ժողովում քննարկմանը պատգամավորները հետաքրքրվեցին, թե հայ-չինական «Շանսի Նաիրիտ» գործարանն ինչ եկամտաբերություն է ապահովում Հայաստանի համար:

«Շանսի Նաիրիտի» համանախագահ Իոսիֆ Իսայանն ասաց, որ այդ ընկերությունը ևս վնասով է աշխատում, 2010-ից ոչ մի տարի շահույթով չի աշխատել, մոտ 150 մլն դոլարի վնաս է կուտակել: Պարտքը, ըստ նրա, ձևավորվել է կաուչուկի ինքնարժեքի և շուկայում եղած գնի պատճառով:

«Ես 2009-ից «Շանսի Նաիրիտ» ընկերության համանախագահն եմ: Գործարանը աշխատում է 2010-ից: Ամենամեծ արտադրությունն իրականացրել է 2014թ., արտադրել է 20 000 տոննա կաուչուկ: ՀԲ-ի ուսումնասիրության մեջ նշված է 40 000 տոննա, բայց «Շանսի Նաիրիտը» այդքան չի կարող արտադրել, նրա ամբողջ հզորությունը 30 000 տոննա է»,- նշեց Իսայանը՝ հավելելով, որ 150 մլն դոլար վնասը փակելուց հետո հնարավոր կլինի որոշակի շահութաբաժին ստանալ այդ ընկերոթյունից:

Քննարկման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ: