Սյուժեի միմոսը

«Ոտքի, Հայաստան» խորագրով շարժում սկսել և նստացույց անելն ինչ-որ այն չէ, տղերք։ Հիմա՝ ոտքի՞, թե՞ նստել։ Դա նույնն է, որ ինքնասպանություն գործես «Հաղթանակ» կամրջից նետվելով։ Էլեկտրաէներգիան չեղյալ համարելու խաղաքարտն արդեն խաղացված է։ 20 հոգով փողոցներ փակելը արդեն «մոմ վառելու» նման ծիսական բան է։ Պարտադիր չէ, որ դրա մեջ գաղափար լինի։ Մարդը, համաձայն եմ, ծեսի մեռած արարած է, բայց ինքը դադարում է լինել «ծեսի մեռած», երբ ծեսից առաջ է։ Այսինքն, իրենով է ապրեցնում ծեսը։

Դուք գիտեք, Հայաստանն այսօր չի շնչում։ Սակայն Հայաստանի շնչառության խցանումը Հանրապետության հրապարակում չէ։ Հրապարակը կարող էր լինել խցանման մի դրվագը, եթե միաժամանակ «արտահայտվում» են մնացած բոլոր կենտրոնները՝ Բաղրամյան-26-ը, Ազգային ժողովը, ՍԴ-ն։ Ու դուք գիտեք, որ հիմա էլեկտրաէներգիայի թանկացումը չեղարկելու պահանջը մանր բան է։ Եվ իր մանրությամբ այն ժամանակին այնպես խաղարկվեց, որ ավելի մանրացավ։ Հունիսի 22-ից սկսած մի քանի օր իր մանրությամբ այն երկրաշարժի էֆեկտ ունեցավ, սակայն այս օրերին այն ընդամենը կարող է հետերկրաշարժային թույլ ցնցումների էֆեկտ ունենալ, որը արձանագրելն ընդամենը սեյսմոլոգների խնդիրն է։ Հայաստանը մեղք է այսքան թոթովախոս ցնցումների համար։ Սա ջրի մեկ կաթիլ չէ, որը քար է ծակում։ Մեղք են մարդիկ, որոնք շնչակտուր սպասում են վճռական հարվածին, որում իրենք մասնաբաժին ունեն ու տեսնում են, որ կա «պայքար», որը այնքանով է իրենց վերաբերում, որքան Հովիկ Աբրահամյանի «պայքարը» օլիգարխների դեմ։

Մենք ձեզ հետ միասին ֆիքսել ենք հանցանքը, տղե՛րք։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մեջ հանցագործություն կա։ Դա արդեն փաստ է։ Ֆիքսել ենք հանցագործին, որ է՛ Հայաստանի իշխանությունը. այսօր արդեն տեղեկություն հրապարակվեց, որ ՀԷՑ-ը իր վնասների մեկ երրորդի չափով նվիրատվություններ է արել Սերժ և Տիգրան Սարգսյանների ստեղծած «Լույս» հիմնադրամին։ Դուք ասում եք՝ չէ, մի րոպե, չեղյալ համարեք էլեկտրաէներգիայի թանկացումը։ Մարդիկ ասում են՝ «հավերժական» թեման՝ Սերժ Սարգսյանին, թողած, մի ընկեք աջ ու ձախ։ Դուք ի՞նչ գործ ունեք Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հետ։ Ո՞րն է այդ փողոցի քաղաքական կամ սոցիալական մարտահրավերը, եթե չմոռանանք, որ նա, ում անունով կոչվում է այդ փողոցը, գործող իշխանության զոհերից է։ Դուք ընդամենը վարորդներին եք խանգարում։ Ու՞մ կյանքն եք դժվարացնում Հանրապետության հրապարակի միակ անլուսացույց փողոցը փակելով։ Դա Ժիրայրենց Արցախ գնալն է Հայաստանի ռեժիմի դեմ պայքարելու համար։ Հեչ կարիք չկա, որ դուք «Արցախ» գնաք։

Եթե որևէ նոր բան չունեք անելու, թողեք վարորդներին իրենց ճամփան։ Եթե ոստիկանների կյանքն եք դժվարացնում, ապա վատ է, որ ստեղծել եք մի վիճակ, որով ոստիկաններին առանձնացրել եք ռեժիմից։ Որովհետև ռեժիմից անկախ ոստիկանությունը ՄԻՊ ինստիտուտ է, տղերք։ Նույնիսկ եթե գազան է։ Եթե ձեր կռիվը քաղաքական չէ, մենք դա էլ ենք տեսել։ Ավելին, ձեր այսօրվա ծիծաղելի դրության սցենարը դեռ այն օրերին հեղինակել է «Ոչ թալանին»-ը։ Դուք եկել և ասում եք՝ համաձայն եմ լինել սյուժեի միմոսը։ Գործ չունեք, տղե՛րք։ Եթե ոչ ոք ձեր հաշիվները չխառնի, արևը կա ու կա։

Պայքարի հաջորդ փուլ կարող էր լինել, ասենք, հունիսի 23-ի ուղղակի մեղավոր Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի պահանջը ոստիկանության դիմաց։ Որպեսզի գոնե ոստիկանների «աշխատանքում» «իմաստ» տեսնեինք։ Եթե ուզում եք շարժումը հասունացնել վճռական հրաժարականների կամ հարվածի համար, ապա այստեղ էլ եք վրիպել։ Ձեր ժամանակացույցում դուք գրել եք, որ պայքարի «խաղադրույքն» արված է 90 հոգու վրա, այսինքն, այդքանից շատ մարդ պետք չէ, որպեսզի ինքնաբուխ հավաքի «խաղի կանոնները» չխախտեք։ Դուք մարդկանց՝ կողքից ձեզ երկրպագողներին հասկացրել եք, որ շատ մարդ պետք չէ ձեզ։ Եվ դուք, ի դեպ, խեղճուկրակ Հովհաննես Մկրտչին էլ չեք յուրացրել, որն ասում էր՝ ես նա չեմ, ում դուք սպասում եք։ Նա գոնե անապատում կանչողի ձայնն էր։ Դուք անապատացնում եք ձայնը (կներեք այսքան բարձր տոն վերցնելու համար)։ Տեղյա՞կ եք, Մկրտչի գլուխը կտրեցին։ Մինչդեռ ինքը Նա չէր։

Վտանգավոր է այն պայքարը, հիշե՛ք, որտեղ պայքարողն Օսիպյանից ավելի ծիծաղելի վիճակում է։ Այսօր Օսիպյանն է «ինքնամաքրվում» ձեզանով, վաղը Վլադիմիր Գասպարյանը «կինքնամաքրվի», մյուս օրը՝ Սերժ Սարգսյանը։ Դուք պայքարի աղը չեք, սակայն պայքարի համար կարող եք լինել կարևոր դերակատարներ։ Ուշադիր եղեք։ Իրական մարտահրավերներն առջևմ են։ Ինչպես Իոսիֆ Բրոդսկին է ասում՝ փորձեք լինել այն, ինչն ուրիշները չեն եղել։ Եթե ուզում եք ասել, որ պայքարը չի մեռել, պահպանեք ձեզ։