Իրանի արտահանման և զարգացման նախարարը Հայաստանում է

Իրանի արտահանման և զարգացման նախարար Ալի Սալեհ Աբադին` մեջտեղում: Իրանի արտահանման և զարգացման նախարար Ալի Սալեհ Աբադին` մեջտեղում:

Հայաստանում է Իրանի արտահանման և զարգացման նախարար Ալի Սալեհ Աբադին: Երեկ իրանցի նախարարին ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:«Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: Վարչապետ Աբրահամյանը և Ալի Սալեհ Աբադին կարևորել են երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը և նշել, որ դրանք մեծ նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տարբեր ոլորտներում նախանշված ծրագրերի իրականացումն էապես կնպաստի երկու բարեկամ երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների աճին»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:

Օգոստոսին սպասվում է Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի այցը Հայաստան: Հուլիսի 24-ին Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեյիսին հայտարարեց, որ փոխնախագահի այցի օրակարգի գլխավոր հարցերից մեկը լինելու է Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը: