Ֆրանսիայի կառավարությունը հորդորում է չհամագործակցել Ղարաբաղի հետ

UntitledՖրանսիայի կառավարությունը հուլիսի 2-ին շրջաբերական է ուղարկել պրեֆեկտներին՝ նրանց հորդորելով տեղական իշխանություններին հիշեցնել հավատարիմ մնալ Ֆրանսիայի արտաքին պարտավորություններին և հարաբերություններ չհաստատել Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի վարչատարածքային միավորների հետ:

Ֆրանսիայի պրեֆեկտներին (ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ շրջաններում) և բարձր հանձնակատարներին ուղարկված շրջաբերականը ստորագրել են արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսը և ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը:

Շրջաբերականը, հիշեցնելով, որ «Ֆրանսիայի որոշ տեղական իշխանություններ վերջին ամիսներին համագործակցության համաձայնագրեր են ստորագրել Ֆրանսիայի կառավարության կողմից չճանաչված միավորների հետ», սահմանում է ապակենտրոնացված համագործակցության իրավական շրջանակը.

  • համագործակցության ցանկացած քայլ պետք է համապատասխանի Ֆրանսիայի միջազգային պարտավորություններին,
  • տեղական իշխանությունները չեն կարող համաձայնագրեր ստորագրել օտար երկրների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով, չեն կարող համաձայնագրեր ստորագրել նաև Ֆրանսիական Հանրապետության կողմից չճանաչված միավորների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի հետ, կամ միավորների հետ, որոնք ներկայանում են որպես տեղական իշխանություններ,
  • տեղական իշխանությունները պետք է իրենց արտաքին գործողությունների մասին տեղեկացնել Ապակենտրոնացված համագործակցության ազգային հանձնաժողովին:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի կարծիքով՝ Ֆրանսիայի կառավարության այս դիրքորոշման վրա ազդում է Ադրբեջանը: «Ադրբեջանը փորձում է Ղրիմի ու Ղարաբաղի խնդիրները դնել նույն հարթության մեջ: Այդ շրջաբերականը խորհրդատվական նշանակություն ունի, և տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ինքնուրույն որոշել իրենք քայլերը»,- ասաց Խանումյանը:

Մայիսին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի Դրոմի դեպարտամենտի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ստորագրվել էր ապակենտրոնացված համագործակցության մասին համաձայնագիր:

ԼՂՀ արտգործնախարարության կայքը տեղեկացնում է, որ 2014թ. ընդլայնվել են Լեռնային Ղարաբաղի և օտարերկրյա տարբեր համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակները: Բարեկամության հռչակագրեր են ստորագրվել Ֆրանսիայի Վիեն, Բուրգ լե Վալանս, Բուկ Բել Էր և Ղարաբաղի Հադրութ, Շուշի և Ասկերան քաղաքների միջև: Քարվաճառի և Հադրութի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման մասին նման հռչակագրեր են ընդունվել նաև ամերիկյան Պիկո Ռիվերա և Բըրբանք քաղաքների կողմից: Համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել նաև Ստեփանակերտի և Դոնոստիայի միջև (Բասկերի Երկիր):
Ֆրանսիայի առանձին քաղաքների ու շրջանների և Լեռնային Ղարաբաղի քաղաքների միջև կան ստորագրված մի շարք համաձայնագրեր: Օրինակ, Ստեփանակերտը քույր քաղաք է ֆրանսիական Էքս ան Պրովանսի, Շուշին՝ Բուրգ լե Վալանսի հետ, իսկ Մարտունին՝ Լե-Պեն-Միրաբոյի հետ:

Ֆրանսիան Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք միջնորդ երկրներից մեկն է: