Երևանում մեկնարկել է «արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման» համաժողով

MHM98123 copyՍփյուռքի նախարարության և Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ մեկնարկել է «Արևմտահայերենի և արևելահայերնեի մերձեցման խնդիրներ» թեմայով երկօրյա համաժողով:

«Համոզված եմ, որ մայրենի լեզվի երկու ճյուղերին նվիրված այս համաժողովն իր նպաստը կբերի մեր լեզվի միասնական զարգացման ու գործառության, պահպանության, կանոնարկման ու գիտական ուսումնասիրության, անաղարտության պահպանության, ուսուցման խնդիրներին վերաբերող նախաձեռնությունների, ծրագրերի, գործողությունների առաջադրման ու իրագործման համար»,- համաժողովի բացմանն ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հակոբյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս Սփյուռքի նախարարության, համագործակցում է Գիտությունների ակադեմիայի, բուհական հաստատությունների, գիտամշակութային տարբեր կազմակերպությունների հետ՝ արևմտահայերենի կիրառման ոլորտների ընդլայնման, արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման, հայրենազրկված և կորստի մատնված բարբառների նշխարները հավաքելու և ի մի բերելու համար:

«Մենք պարտավոր ենք արևմտահայերենը պահպանել անաղարտ և ապահովել հայերենի միասնական զարգացումը՝ իբրև ազգային միասնության պահպանման և պետականության զարգացման կարևորագույն գործոն»,- ասել է նախարարը:

Գիտությունների ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն իր ելույթում նշել է, որ հայերենի երկու ճյուղերի կանոնակարգումն ու բառաֆոնդի հարստացումը օրախնդիր է: Նրա խոսքով՝ առաջիկայում գործելու է Հայերենի բարձրագույն խորհուրդը, որն իր հերթին կնպաստի այդ խնդիրների լուծմանը: