Գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2015թ. երկրորդ եռամսյակում կազմել է 50.7, ինչը նախորդ եռամսյակի մակարդակից ցածր է 0.1 կետով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ 5.3 կետով: Այս մասին նշվում է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունում:
Այս եռամսյակում ԳՄՑ մակարդակը հիմնականում պայմանավորվել է առևտրի ոլորտի հաշվեկշռի 6.1 կետով նվազմամբ և արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտների հաշվեկշիռների համապատասխանաբար 1.8, 1.5 և 1.6 կետով ավելացմամբ: Արդյունքում ԳՄՑ-ն այս եռամսյակում ևս շարունակում է գտնվել կայունության միջակայքում:
«Գործարար միջավայրի արժեքը հաշվարկվել է արդյունաբերությունում ՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների ու պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների, շինարարությունում ՝ ընկերության ներկա տնտեսական վիճակի և աշխատողների ընթացիկ թվաքանակի, առևտրում՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների և արտադրանքի նկատմամբ պահանջարկի, ծառայություններում՝ ընկերության ներկա ու սպասվող տնտեսական վիճակի փոփոխությանը վերաբերող հարցերի պատասխանների սեզոնային հարթեցված մակարդակների հիման վրա:
Ցուցանիշի հաշվարկման համար տրվող հարցերն ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների արժեքները: Արժեքները տատանվում են [0, 100] միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայունության միջակայք ԿԲ-ն ընդունել է արժեքի տատանումը 45-ից մինչև 55-ը: