Դիարբեքիրն ու Դերսիմը առաջին անգամ կմասնակցեն Համահայկական խաղերին

2011թ. Համահայկական խաղերի բացումը: 2011թ. Համահայկական խաղերի բացումը:

Թուրքիայի Դիարբեքիր և Դերսիմ քաղաքների հայկական թիմերն առաջին անգամ կմասնակցեն օգոստոսի 2-ին մեկնարկող Համահայկական խաղերին:

Դիարբեքիրի խմբի կազմակերպիչները քաղաքի Սուրբ Կիրակոս Տիգրանակերտ եկեղեցու վերականգնման կոմիտեն է, հաղորդում է Կանադայում լույս տեսնող Armenian Weekly պարբերականը: Քանի որ եկեղեցու վերականգնումը գլոբալ նախաձեռնություն էր, որին մասնակցում էին բազմաթիվ նվիրատուներ Հյուսիսային Ամերիկայից, Թուրքիայի այդ շրջանների արմատներ ունեցող մարզիկները ԱՄՆ-ից և Կանադայից հրավիրվել են ներկայացնելու թիմերը Համահայկական խաղերին:

Տորոնտոյում բնակվող Տարոն Պետրոսյանը կներկայացնի Դիարբեքիրի թիմը: «Ինձ համար նշանակալից է մասնակցությունը Համահայկական խաղերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում: Իմ ընտանիքը Տիգրանակերտում, որքան մենք ենք կարողացել ուսումնասիրել, առնվազն երկու հարյուր տարվա պատմություն ունի»,- ասել է նա:

Դիարբեքիրի և Դերսիմի թիմերին քաջալերելու համար նրանց հետ Հայաստան կգան նաև այլ խմբեր, որոնք կմասնակցեն Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրին, կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր:

Անցյալ տարի Դիարբեքիրից 50 ծպտյալ հայ մասնակցեց «Արի տուն» ծրագրին, որոնց ղեկավարում էր կանադահայ դաշնակահար և ճարտարագետ Րաֆֆի Պետրոսյանը: Այս տարի «Արի տուն» ծրագրին Դիարբեքիրից, Դերսիմից և Համշենից կմասնակցեն 86 ծպտյալ հայեր:

«Մենք կազմակերպել ենք այնպես, որ ծպտյալ հայերի այցը համընկնի Համահայկական խաղերին, որպեսզի նրանք ավելի շատ հնարավորություն ունենան գտնվելու և շփվելու հայկական միջոցառումների շրջանակում»,- ասել է Սուրբ Կարապետի վերականգնման կոմիտեի անդամ Րաֆֆի Պետրոսյանը:

Համահայկական 6-րդ խաղերը կմեկնարկեն Երևանի «Հրազդան» մարզադաշտում՝ օգոստոսի 2-ին, և կտևեն մինչև օգոստոսի 12-ը:

Մեկնաբանել