Հեշտացվել է միջազգային փոստով ապրանքների ստացումը

ebay-courier-3Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է «Միջազգային փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգի ներդրումը: Ավտոմատացված համակարգն այժմ հնարավորություն է ընձեռում, առանց քաղաքացիների մասնակցության, էլեկտրոնային եղանակով իրականացնել առաքանու տվյալների մուտքագրում համակարգ, որը հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում ավտոմատ հաշվարկում է դրանք:

Ինչպես նշված է ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում, նախկինում առաքանիների հայտարարագրումն իրականացվում էր բացառապես մասնագիտացված մաքսատանը, ինչի արդյունքում հարկերի վճարման անհրաժեշտություն առաջանալու դեպքում քաղաքացին հաճախ Հայաստանի տարբեր մարզերից ստիպված էր լինում գալ Երևան՝ մաքսային ձևակերպումներ իրականացնելու: Նման ընթացակարգն առաքանու հասցեատիրոջ համար ժամանակատար էր, լրացուցիչ բարդություններ և ծախսեր էր առաջացնում՝ խոչընդոտելով նաև էլեկտրոնային առևտրի զարգացմանը: Համակարգի մշակման փուլում հաշվի են առնվել ինչպես «Հայփոստ» ՓԲԸ-ի առաջարկներն, այնպես էլ սուրհանդակ կապի այլ օպերատորների կարիքները: «Հայփոստի» հետ համատեղ իրականացվել է փոստային առաքանիների տրամադրման ու հաշվառման բիզնես գործընթացների վերլուծություն և ստանդարտացում՝ ապահովելով մասնակից կողմերի գործառնությունների դյուրինացում և պարզեցում:

Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտնել է, որ մինչև 200 հազար դրամ արժեքով առաքանու դեպքում մաքսային որևէ վճար չի կատարվում, իսկ այդ շեմը գերազանցելու դեպքում մաքսավճարների հաշվարկման հիմք է ընդունվում առաքանու արժեքը. «Այս բարեփոխման գլխավոր առավելությունն այն է, որ քաղաքացին որևէ առնչություն չի ունենում մաքսային մարմինների հետ»:

Ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի խոսքով՝ այսուհետ քաղաքացին կարող է փոստային առաքանին ստանալ իրեն ամենամոտ փոստային մասնաճյուղից, իսկ սուրհանդակային առաքանիները՝ տանը՝ ապահովելով «դռնից-դուռ» առաքումների սկզբունքը. «Մաքսային հսկողության իրականացման տեսանկյունից համակարգը հնարավորություն է ընձեռում կիրառել կառավարման և հսկողության ժամանակակից մեխանիզմներ. ավտոմատացված եղանակով վարել առաքանիների ամբողջական հաշվառում, դրանց նկատմամբ վերահսկողության իրականացում, հաշվետվությունների ավտոմատ ստացում, ռիսկերի գնահատում, վերլուծական գործիքների կիրառում»:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիչյանը նշել է, որ ֆինանսների նախարարության և «Հայփոստի» միջև համագործակցության արդյունքում տեղի են ունեցել ապրանքների ներմուծմանն առնչվող մաքսային օրենսդրության փոփոխություններ, որոնց շնորհիվ Հայաստանի բնակիչները կազատվեն ապրանքների ներմուծման հետ կապված հարկերից. «Մեր նպատակն է բարելավել և ընդլայնել ծառայությունները հաճախորդի կարիքները բավարարելու, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի միջև նոր կամուրջ ստեղծելու նպատակով»: Համակարգի շահագործումն արդյունավետ կազմակերպելու նպատակով ֆինանսների նախարարությունը «Հայփոստի» աշխատակիցների համար կազմակերպել է դասընթացներ: